«Արևմուտքը սլավոններին պաթոլոգիապես չի սիրում»․ ՌԴ Պետդումայի նախագահ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե «Արևմուտքը սլավոններին պաթոլոգիապես չի սիրում»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները վկայում են ոչ միայն ռուսաֆոբիայի, այլև «գենետիկ մակարդակով սլավոնաֆոբիայի մասին»: «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում նա ասել է, թե պատժամիջոցների հետևում կանգնածներին կարելի է կասկածել սլավոնների դեմ պայքարելու մեջ: «Սլավոնական ժողովուրդների նկատմամբ նման վերաբերմունքը լավ բանի չի հանգեցնի»,- զգուշացրել է Ռուսաստանի Պետդումայի ղեկավարը: Այսօր նա մեկնել է Մինսկ, որտեղ հունիսի 14-15-ին նախագահելու է Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական ժողովը:

ԱՄՆ-ը և ԵՄ երկրները Ռուսաստանի դեմ 2014 թվականին պատժամիջոցներ են սահմանել Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելյան շրջանների հակամարտությանը միջամտելու համար, իսկ Բելառուսի դեմ պատժամիջոցներ են սահմանվել դեռևս 2000-ական թվականներին՝ մարդու իրավունքների պարբերական խախտումների համար: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգեց Բելառուսի ղեկավարների, կառավարության անդամների դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը:

Նշենք՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները բազմաթիվ բնագավառներում համագործակցում են սլավոնական բնակչությամբ երկրների հետ: ՆԱՏՕ-ի անդամ են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Խորվաթիան, օրերս էլ Հյուսիսատլանտյան դաշինքին միացավ Մոնտենեգրոն: Մի շարք սլավոնական երկրներ անդամակցում են Եվրամիությանը: