Ոստիկանության պարեկապահակետային գնդի (ՊՊԾ) գրավման օրերին Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի մասնակից Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը այսօր հանդես եկավ պաշտպանական ճառով՝ միջնորդելով իր պաշտպանյալին «առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ, նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ և դատական նիստերի դահլիճից նրան ազատ արձակել»:
Ղարագյոզյանը հայտարարեց, թե 43-ամյա Խանդոյանը քաղբանտարկյալ է՝ պնդելով, որ նա պարզապես խաղաղ հանրահավաքի է մասնակցել, և ոչ թե ինքն է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրել, այլ հենց ոստիկաններն են խաղաղ հանրահավաքի մասնակիցներին վնասվածքներ հասցրել՝ կիրառելով հատուկ միջոցներ․ - «Արարատ Խանդոյանը համարվում է քաղբանտարկյալ, քանի որ ԵԽԽՎ-ն [Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը] սահմանել է, թե ով է համարվում քաղբանտարկյալ: Նման բանտարկյալներ են համարվում նաև այն անձինք, ովքեր որ խաղաղ հավաքից ձերբակալվել և կալանավորվել են»:
Արարատ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրն է: Ըստ մեղադրանքի՝ զանգվածային անկարգությունների ժամանակ նա բռնություն է գործադրել, ձեռքերով և ոտքերով հարվածել է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանի վահանը:
Պաշտպանական ճառում փաստաբան Ղարագյոզյանը պնդեց, թե անցած 10 ամիսների ընթացքում նախաքննական մարմինը չկարողացավ հիմնավորել, որ Խանդոյանը հանցագործություն է կատարել։ Նա նշեց, որ Խորենացիի բախումների գործով տուժող 46 ոստիկաններից որևէ մեկը չի ասել, թե Արարատ Խանդոյանն իրեն հարվածել է:
«Դրանից բացի, վարույթ իրականացնող մարմինը չի հիմնավորել և չի ապացուցել, որ Արարատ Խանդոյանը եղել է զինված և զինված դիմադրություն է կիրառել ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ: Քանի որ զանգվածային անկարգություն է համարվում այն ժամանակ, երբ ամբոխը կիրառում է բռնություն, ջարդ, հրկիզում, որը, ըստ էության, տեղի չի ունեցել 2016 թվականի հուլիսի 20-ին: Հրկիզումներ, գույքը ոչնչացնել կատարվել է ոստիկանության ներկայացուցիչների կողմից, քանի որ կիրառվել է հատուկ միջոց, որի հետևանքով վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ», - հավելեց Ղարագյոզյանը:
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը գրառումներ էր կատարել պաշտպանի ճառից։ Դատական նիստից հետո «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրելով դրանք կարող է պնդել, որ Ղարագյոզյանը խեղաթյուրում է շատ հանգամանքներ․ - «Իրականում հիվանդագին երևակայության արդյունք է, մեղմ ասած, թե դատախազությունը ինչ-որ վկայի փորձել է սովորացնել գործի ինչ-որ հանգամանքների մասին: Դատախազությունը զերծ է նման գործելաոճից: Որևէ վկայի որևէ հանգամանք չենք սովորացրել: Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել անձնապես՝ եթե որևէ վկայի որևէ բան սովորացրած լինեմ: Իսկ եթե ոչ՝ պաշտպանը թող պատրաստ լինի պատասխանատվություն կրելու սուտ մատնություն կատարելու համար դատախազության գործելաոճի նկատմամբ»:
Դատախազն ընդունեց, որ իսկապես որևէ ոստիկան չի ասել, թե Խանդոյանը հարվածել է իրեն՝ մեկնաբանելով․ - «Որովհետև խառնված իրավիճակում դժվար է նկատել, թե կոնկրետ որը ինչ գործողություններ է կատարել: Բայց դա չի նշանակում, որ տվյալ ոստիկանները որևէ վնասվածք չեն ստացել: Իրանք գործում ներգրավված են որպես տուժողներ»:
Հարցին, թե ինչու են հենց Արարատ Խանդոյանին մատնանշում, Պետրոսյանն արձագանքեց․ - «Ոստիկանները անցնում են մնացած բոլոր գործերով, այդ թվում՝ Արման Առաքելյանի, մնացած դատապարտյալների գործով են ճանաչված որպես տուժող: Նաև տուժողի իրավունքները, չէ՞, փորձենք ապահովել»:
Դատախազը նաև նշեց, որ բացի տուժողների վնասվածքներից, Խանդոյանի մեղքը հաստատող այլ ապացույցներ էլ կան․ օրինակ, կա տեսանյութ, որտեղ երևում է Արարատ Խանդոյանը, ով ոտքը «հպում է» ոստիկանին․ - «Արարատ Խանդոյանի մեղքը մենք հիմնավորել ենք ոչ միայն տուժողի ցուցմունքներով, այլև գործում առկա մի շարք ապացույցների բավարար համակցությամբ: Այդ թվում նաև՝ տեսագրության զննությամբ: Պաշտպանական կողմը նշում էր, որ որևէ գործողություն Արարատ Խանդոյանը չի կատարել, հիմա արդեն ոնց որ քիչ-քիչ ընդունում են, որ ոտքն է բարձրացրել, ձեռքն է բարձրացրել․․․ Ամեն դեպքում, պարզ երևում է, որ ուղղվել է ոտքը դեպի ոստիկանը և կա հպում»:
Դատախազը պահանջել էր Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման։
Այսօրվա դատական նիստը ընդմիջվեց: Հաջորդ նիստին պաշտպանական ճառով հանդես կգա Խանդոյանը, ինչից հետո դատավորը կանցնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։