Մեկնարկել է «Միայնակ Գայլի» եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը

Երևանի Կենտրոն և Նոր-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է անցած ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Միայնակ Գայլի» եղբոր՝ 43-ամյա Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը։

Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն հանդես կգա պաշտպանական ճառով։

Նշենք, որ Խանդոյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։

Ըստ մեղադրանքի, ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում ի պաշտպանություն զինված խմբի անդամների կազմակերպված հավաքի մասնակից Խանդոյանը բռնություն է գործադրել, ձեռքերով և ոտքերով հարվածել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանի վահանը:

Դատախազը 4 տարվա ազատազրկում է պահանջել՝ նշելով, որ կան բավարար ապացույցներ, որ նա մասնակցել է զանգվածային անկարգությունների, ինչպես նաև բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ։

Խանդոյանը մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ հենց ինքն է բռնության ենթարկվել այդ օրը:

Հուլիսի 20-ին, հիշեցնենք, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին բողոքի ակցիան ցրելու համար: