«Պետք է ունենանք դպրոցների ապաքաղաքականացման հիմնախնդիր». ԿԳ նախարար

Պետք է ունենանք դպրոցների տնօրենների պատասխանատվության մեծացման և դպրոցների ապաքաղաքականացման հիմնախնդիր։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ժամանակ ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նա ընդգծեց, որ դպրոցը պետք է զբաղվի կրթական գործունեությամբ։

Հիշեցնենք, հունիսի սկզբին աշխատանքից ազատվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Այդ պաշտոնում նշանակվեց Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը, ով մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, հայտնվել էր ընտրական սկանդալի կենտրոնում՝ նա այդ օրը ընտրատեղամասերից մեկում չհավատարմագրված դիտորդ էր։ Մամուլում քննադատություններ էին հնչում, որ կեղծիքով սկսված գործը կեղծիքով էլ ավարտվելու է։

Հարցին, թե մտահոգո՞ւմ է այսպիսի աղմուկը կրթության ոլորտում, Մկրտչյանը պատասխանեց. - «Տեսե՛ք, մամուլից եմ ծանոթ, որովհետև կրթության վարչության պետին նշանակում է քաղաքապետը, իր թիմն է ձևավորում և իր պատասխանատվության շրջանակում է։ Ես զրուցել եմ հետը, ասել է, որ լավագույն մանկավարժներից է, որը տնօրեն է աշխատել և լավ գիտի։ Երկրորդ մասով՝ ընդհանրապես մենք պետք է ունենանք դպրոցների տնօրենների պատասխանատվության մեծացման և դպրոցների ապաքաղաքականացման հիմնախնդիր։ Այսինքն՝ դպրոցը պետք է զբաղվի կրթական միջավայրում և կրթական գործունեությամբ»։

Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ «եթե ուսուցչին աշխատանքի ընդունելու համար պահանջում են կաշառք, ապա ինչո՞ւ պայքարել դրամահավաքի դեմ, դա իրենց ներդրման արդարացի վերադարձն է», կրթության և գիտության նախարարն ասաց, որ պետք է պայքարել և՛ աշխատանքի ընդունելու համար ուսուցչից պահանջվող կաշառքի, և՛ դրամահավաքի դեմ։

«Պետք է երկուսի դեմ էլ պայքարել, բացարձակապես անընդունելի է և պատժելի է որևէ աշխատանքի նշանակելու համար գումար վերցնելը, հատկապես՝ ուսուցչի։ Իսկ դրամահավաքի, գիտեք, տարբեր հասկացություններ ունենք։ Դրամահավաքի ձև կա, օրինակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, բայց շատ օրինական, թափանցիկ, կոնկրետ, լրացուցիչ աշխատանքի վրա: Խնդիրը թափանցիկությունն է, որովհետև որևէ ծնող, եթե հնարավորություն ունի, չի հրաժարվի իր երեխայի դպրոցին օգնել, բայց ծնողը վստահ չէ, որ այդ գումարը տեղ է հասնում իր նպատակին», - ասաց Մկրտչյանը։

Ֆեյսբուքյան ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․