Կարկտահարությունից տուժած գյուղացիներն այլևս չեն հավատում խոստումներին

Երեկ երեկոյան մոտ 15 րոպե տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներն է պատճառել Արմավիրի մարզի 8 համայնքների։

Արդեն առավոտյան այդ գյուղերի բնակիչները հուսահատությունից փակել էին Էջմիածին - Արմավիր ավտոճանապարհը, իսկ կարճ ժամանակ անց բացել այն՝ պայմանով, որ կառավարության կողմից հստակ քայլել կլինեն վնասը մեղմելու ուղղությամբ։

«Ազատության» հետ զրույցներում գյուղացիներն ասացին, որ երեկ իրենց մեծ մասը զրկվել է գրեթե ամբողջ տարվա եկամուտից, իսկ ծայրահեղ այդ քայլին դիմել են մեկ պատճառով․ - «Պատճառն էն էր, որ պետությունից ինչ-որ մի աջակցություն ունենանք, որ մենք էլ մեզ լավ զգանք, որ իմանանք, որ լավ հայրենիքում ենք ապրում, չթողնենք էս երկրից փախնենք»:

Վնասվել են թե՛ պտղատու ծառերը, թե՛ ցանքատարածությունները։ Գյուղացիները ասում են, որ այժմ չգիտեն ինչով են մարելու վարկերը և առհասարակ ինչպես են ապրելու ողջ տարին։

Ամբերդ համայնքի տղամարդիկ ասում են՝ եթե կառավարության կողմից աջակցություն չլինի, բռնելու են արտագաղթի ճամփան։ Գյուղի մեծերն էլ հիշեցնում են հայտնի խոսքը՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Նախորդ տարի ևս զրկվեցին բերքից, կառավարությունից եկան խոստացավ որ կօգնեն, բայց ոչինչ չարեցին։ Այսօր էլ են եկել մարզպետն ու գյուղատնտեսության փոխանախարարը ու նույն խոստումները տվել։

«Պետությունից ոչ մի բան չենք ակնկալել, ոչ էլ սպասում ենք: Էսօր էլ եկել ա մարզպետը, ասել ա՝ մի շաբաթ հետո խաբար կանենք, կամ կասենք ինչ-որ մի բան: Բայց հավատը ժողովրդի մեջ մեռել ա», - «Ազատությանն» ասաց մի ամբերդցի:

Խոստումներին չեն հավատում նաև Դողս համայնքում, որտեղ վնասվել է բերքի մոտ 90 տոկոսը։ Գյուղացիների փոխարեն առավոտից այստեղ դաշտերում միայն արագիլներն են պտտվում։ Դողսեցիներն ասում են, որ իրենք այլևս անելիք չունեն։ Կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ:

«Պիտի դեղձանոցից ունենայի մի երեք միլիոն եկամուտ, երկու հարյուր հազարի չունեմ», - ասաց նրանցից մեկը:

Հարցին, թե արդյոք համայնքում կան հակարկտային կայաններ և արդյոք աշխատել են այդ կայանները, գյուղացիներից մեկն արձագանքեց․ - «Կային, բայց ոչ էս կողքի երկու-երեք գյուղերը: Էն կողմից եղել ա կարկուտի կրակոցներ, որը էղած կարկուտը բերել ա, էս գյուղի վրա ա լցրել»:

Հակակարկտային կայանների մասին հարցին Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը պատասխանեց, թե Այգեշատ համայնքում կա տեղադրված կայան, ինքն անձամբ է տեսել․ - «Էդ մի հակակարկտային կայանը, ըստ իր տեխնիկական բնութագրի, փակում ա, ասենք, 80 հեկտար: Որտեղ ինչ հնարավոր է, տեղադրված ա եղել»:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով առավոտյան եղել է տուժած համայնքներից մի քանիսում, «Ազատությանը» փոխանցեց, որ գյուղապետերին հանձնարարել են ցուցակագրել վնասներն ու ներկայացնել իրենց։ Մարզպետն ասաց, թե այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչ չափի փոխհատուցում կլինի․ - «Առայժմ մենք ամբողջությամբ ամփոփենք, տեսնենք ինչ չափի վնասներ ա, որ մենք իմանանք ինչ առաջարկություն անենք»:

Ղահրամանյանին հարցնում ենք, ինչու են նախորդ տարի խոստացել, որ կօգնեն, բայց չեն արել։ Մարզպետն էլ թե՝ փոխհատուցվել է տուժածների ջրի վարձը միայն․ - «Մենք մտածում ենք, որ այս տարվա մեր առաջարկությունների մեջ անպայման նախորդ տարվա հողի վարձի հետ կապված խնդիրներն էլ բարձրացնել: Վարկերի սառեցում․․․ առաջարկվել էր առևտրային բանկերին, որպեսզի այդ խնդիրը լուծվի: Նրանք վերավարկավորել են, և պարզվում ա, որ 20 տոկոսով վարկ են հատկացրել այս տարվա համար: Հիմա այդ հարցը ևս իմ կողմից բարձրացվելու ա»:

Մարզպետի խոսքով՝ գործադիրը բոլորին օգնել ու վնասն ամբողջությամբ փոխհատուցել չի կարող: Նա հավելեց, որ առաջիկայում կառավարություն կորոշի փոխհատուցման չափը։