ԱՄՆ Սենատում Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների նախագիծ է շրջանառվում

Արիզոնայից ընտրված հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյն, արխիվ

ԱՄՆ սենատորները երեկ համաձայնեցրել են ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու համար Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու նախագիծը: Ենթադրվում է, որ հանրապետականներն ու դեմոկրատականներն առանց դժվարության կընդունեն այն:

Օրենսդիրներն առաջարկում են ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել, այլև խստացնել Ուկրաինայում «ռուսների ագրեսիայի» կապակցությամբ արդեն ընդունված պատժամիջոցները: Արիզոնայից ընտրված հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնն ասել է․ «Հուսով եմ՝ երբ Սենատը վերադառնա արձակուրդից, մենք ձեռնամուխ կլինենք այդ հարցի լուծմանը»:

Լրամշակմամբ Սպիտակ տունը կկարողանա թուլացնել կամ չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները միայն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի թույլտվությամբ: Սենատորներն առաջարկում են նոր պատժամիջոցներ սահմանել այն ռուսաստանցիների նկատմամբ, ովքեր պատասխանատվություն են կրում մարդու իրավունքները խախտելու և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին զենք մատակարարելու համար:

Լրամշակումը ներկայացվել է մի ժամանակաշրջանում, երբ ի հայտ են եկել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումների վերաբերյալ նոր ապացույցներ: Ըստ լրատվամիջոցների, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը Ռուսաստանի դեսպան Կիսլյակի հետ իր շփումների մասին պատմելիս ճիշտ տեղեկություններ չի ներկայացրել: Ենթադրվում է, որ նա ռուս դեսպանի հետ քննարկել է պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, սակայն, այդ մասին չի հայտնել փոխնախագահ Մայք Փենսին:

Բացի այդ, ըստ «Ռոյթերզ»-ի, նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները նույնպես հանդիպումներ է ունեցել դեսպանի, ինչպես նաև ռուսական մի բանկի ներկայացուցչի հետ: ԱՄՆ-ում հիմա փորձում են պարզել երկրի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության աստիճանը: Թրամփը պնդում է, որ շահերի բախում չի եղել: Մոսկվան նույնպես պնդում է, թե որևէ կերպ չի միջամտել 2016-ի ընտրություններին: Նախագահ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է բարելավել կապերը Ռուսաստանի հետ:

Սենատի այս նոր լրամշակումը քննարկվելու է որպես Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների փաթեթի մի բաղադրիչ: Փաթեթը Սենատում ընդունվելուց հետո պետք է ուղարկվի Ներկայացուցիչների պալատ, իսկ այնտեղ ընդունվելուց հետո կներկայացվի Սպիտակ տուն՝ նախագահի վավերացմանը: Եթե Դոնալդ Թրամփը չստորագրի օրինագիծը՝ կոնգրեսականները կարող են քվեների մեծամասնությամբ շրջանցել նախագահական վետոն: