Հորդառատ անձրևի պատճառով տեղի ունեցած փլուզման հետևանքով Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներից մեկի մի քանի քանի հազար դոլար արժողությամբ ավտոմեքենան քարակույտի տակ էր մնացել։ Սեփականատերը խոսելու տրամադրություն չուներ, փոխարենը շենքի առաջին հարկի բնակիչ Շահեն Ասլանյանը ասաց, որ պատճառը անձրևատար չունենալն է․ - «Երբեք չի եղել ջրահեռացման համակարգ: Ջրվեժի կողմից ինչ-որ գալիս ա ջրերը, ամբողջը էս շենքի կողքով լցվում ա էս պատի տակը: Դրա համար էլ էս վիճակն ա»:
Բնակիչները ասացին, որ խնդիրը երկար տարիներ չէր լուծվում, իսկ հենապատը գնալով դեֆորմացվում էր։ Մի քանի մետրանոց հենապատի փլուզման հետևանքով նաև այստեղով անցնող բարձրավոլտ հոսանքալարերն էին վնասվել, տեղում շինտեխնիկա էր աշխատում։
Երեկ տեղացած հորդառատ անձրևի պատճառով Երևանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտան էր կաթվածահար եղել։ Փակ շուկայի հարևանությամբ գտնվող թունելում ջրհեղեղ էր, 3 մեքենա և մեկ մարդատար ավտոբուս էր արգելափակվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ արգելափակված ավտոբուսից 16 քաղաքացիներ են տարհանվել։ Երեկվանից համացանցում բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել։
Ջրհեղեր էր նաև Լենինգրադյան փողոցում։ Այստեղ նույնպես մեքենա էր արգելափակվել։
Կիևյան կամուրջի հարևանությամբ գտնվող գետնանցումի մոտ փլուզում է եղել, անձրևաջուրը լցվել էր գետնանցում։ Թեև Արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր առավոտյան հայտարարեց, որ տարածքը մեկուսացված է, բայց պարզվեց, որ տեղում գտնվող սրճարանի աշխատակիցներն են անվադողի միջոցով մեկուսացրել մոտ 1.5 մետր խորությամբ փլուզված հատվածը։
Երևանյան ջրհեղեղը այսօր քննարկել են քաղաքապետարանում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ 10-15 րոպեում տեղացել է հունիս ամսվա համար կանխատեսված տեղումների մոտ 50 տոկոսը, իսկ կարկուտի պատճառով կոտրված ծառերի ճյուղերը արգելափակել էին անձրևատարերը, ինչի պատճառով էլ նման վիճակ է ստեղծվել։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում կարգավորել և մաքրել անձրևատար համակարգը։ Թե ով էր երեկվա վիճակի համար մեղավոր, խորհրդակցությանը չի քննարկվել։ Քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մեղավոր փնտրել պետք չէ․ - «Երբ տեղումը լինում է էդ ծավալի, և դա մասնագետներն են կոնկրետ ներկայացնում, պետք չի էստեղ փնտրել մեղավորի»:
Նրա խոսքով, անձրևատարերը Երևանում չեն բավականացնում, իսկ Գետառը փակելուց հետո ջրհեղեղի վտանգը մեծացել է․ - «Վրան ճանապարհներ գցեցին, ռեստորաններ շարեցին, և քաղաքի ամենակենտրոնական սելավատարը ուղղակի իր ֆունկիան ի վիճակի չի կատարելու»:
Հարցին, թե հնարավոր է, որ երեկ տեղի ունեցածը կրկնվի, Դանիելյանն արձագանքեց․ - «Իհարկե կարող է: Կարող է շատ ավելի սաստիկ ձևով կրկնվի: Մեր բախտը բերել է, որ դեռևս լուրջ․․․ Օրինակ, Թիֆլիսի գլխին տեսնում եք ինչեր եկան՝ երեք օր իրար վրա տենց ուժեղ անձրև է եկել: Մերը ընդամենը մի ժամ էլ չտևեց»:
Երևանի ջրահեռացման համակարգը սպասարկող «Վեոլիա ջուր» ընկերությունում, մինչդեռ, Երևանի գլխավոր պողոտայում և այլ փողոցներում արձանագրված ջրհեղեղը միանգամայն կառավարելի վիճակ են համարում։
«Ազատության» հարցմանն ի պատասխան ընկերությունից հայտնեցին, որ անձրևը նորմայից շատ է եղել և նման իրավիճակները բնորոշ են ոչ միայն Երևանին։