Չի բացառվում, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ անի ընդամենը մեկ ամիս առաջ իր իսկ հրամանագրով հատուկ դատախազի պաշտոնում նշանակված Ռոբերտ Մյուլերին:
Հիշեցնենք՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Մյուլերին հանձնարարվել էր ղեկավարել Թրամփի շրջապատի և Ռուսաստանի իշխանությունների ենթադրյալ կապերի վերաբերյալ հետաքննությունը: Այսօր, սակայն, ԱՄՆ նախագահի մերձավոր շրջապատի տեղեկություններով, Սպիտակ տան ղեկավարը քննարկում է Մյուլերի պաշտոնանկության հնարավորությունը: Այս մասին ամերիկյան հանրային հեռուստատեսության եթերում երեկ երեկոյան հայտարարեց Թրամփի վաղեմի բարեկամներից մեկը` հանրապետականների շրջանում բավական մեծ ազդեցություն ունեցող Newsmax Media ընկերության ղեկավար Քրիսթոֆեր Ռուդին:
«Ես կարծում եմ՝ նա քննարկում է հատուկ դատախազի պաշտոնանկության հարցը, նա դիտարկում է այդ հնարավորությունը: Դա հստակ դարձավ նաև այն հայտարարություններից հետո, որ վերջերս հնչեցրեց [Թրամփի] փաստաբաններից մեկը: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ դա շատ լուրջ սխալ կլինի», - ասում էր Ռուդին` նշելով, որ Մյուլերի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկացել է երկուշաբթի օրը` Սպիտակ տուն այցելության ժամանակ:
«Ռուդիի այս հայտարարություններից Սպիտակ տանն, ըստ ամենայնի, հանկարծակիի եկան», - գրում է The New York Times-ը` մեջբերելով նաև Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերի պնդումը, թե «Ռուսաստանին վերաբերող հետաքննության թեմայով Թրամփը և Ռուդին երբեք որևէ զրույց չեն ունեցել»: Ավելին, ըստ Սփայսերի, Ռուդին երկուշաբթի օրը Սպիտակ տուն այցելության ժամանակ ընդհանրապես Թրամփի հետ ուղղակի շփում չի ունեցել:
Չնայած այս ամենին` ակնհայտ էր, որ Քրիսթոֆեր Ռուդին բավական քաջատեղյակ էր այն ամենին, ինչ կատարվում է թե՛ Դոնալդ Թրամփի շրջապատի և Ռուսաստանի միջև շփումների հետաքննության և թե՛ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի անձի շուրջ:
«Ռոբերտ Մյուլերի պարագայում շահերի իրական բախում կա, քանի որ նրա իրավաբանական ընկերությունը ներկայացնում էր Թրամփի ընտանիքի շահերը», - նշում էր Ռուդին` գործող վարչակազմի գործողությունների ևս մեկ գաղտնիք բացահայտելով: Պարզվում է, որ «ռուսական հետաքննության» ղեկավար նշանակվելուց հաշվված օրեր առաջ Մյուլերի անունը հայտնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի թեկնածուների ցանկում:
«Հատուկ դատախազ նշանակվելուց մի քանի օր առաջ Մյուլերը զրուցել էր նախագահի հետ, որը նրան որպես Հետաքննությունների դաշնային բյուրոյի հավանական տնօրեն էր դիտարկում: Այդ տեղեկությունը չի հրապարակվել, սակայն համապատասխանում է իրականությանը: Տարօրինակ է, երբ մարդը առանձնազրույց է ունենում մի մարդու հետ, ում գործողությունները հետաքննող կառույցի ղեկավար է դառնում այդ զրույցից մի քանի օր անց: Ըստ իս, Մյուլերը չպետք է ստանձներ հատուկ դատախազի պաշտոնը, եթե դիտարկվում էր որպես Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի թեկնածու և մասնավոր զրույց էր ունեցել նախագահի հետ», - նշում էր Ռուդին:
Ամերիկյան լրատվամիջոցները այս հայտարարություններին մեծ ուշադրություն են դարձնում՝ հատկապես հաշվի առնելով դրանց հեղինակի անձը: Քրիսթոֆեր Ռուդին, ըստ The Atlantic հանդեսի, հաճախ է շփվում Դոնալդ Թրամփի հետ, բավական հաճախ նախագահի հետ գոլֆ է խաղում Ֆլորիդայում: «Ռուդին, որպես կանոն, լրատվամիջոցներին փոխանցում է այն ամենը, ինչ, իր կարծիքով, մտածում է Թրամփը», - գրում է հանդեսը:
Այլ հարց է, թե ինչու է Սպիտակ տունը հենց այս պահին քննարկում Ռոբերտ Մյուլերի պաշտոնանկության հարցը:
The New York Times-ի պնդմամբ` վերջին շրջանում հանրապետականները սկսել են ակտիվորեն քննադատել Մյուլերին: Ըստ ամերիկյան մամուլի` գրեթե նույնությամբ կրկնվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնանկ արված տնօրեն Ջեյմս Քոմիի պատմությունը, որին հանրապետականները մեղադրում էին ուղղորդված հետաքննություն անցկացնելու մեջ: Այժմ ահա հերթը Ռոբերտ Մյուլերինն է:
Այս առումով ուշագրավ էր հատկապես Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ գործիչներից մեկի` Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նյութ Գինգրիչի գրառումը Twitter-ում․ - «Հանրապետականները մոլորության մեջ էին, երբ նրանց թվում էր, թե հատուկ դատախազը անաչառ պահվածք է ցուցաբերելու: Այդ որոշումը պետք է վերանայվի»: