Եվրամիության գործադիր մարմինն այսօր իրավական գործընթաց կսկսի միության անդամ երեք պետությունների՝ Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի դեմ, որոնք հրաժարվում են ներգաղթյալներ ընդունել Բրյուսելի հաստատած քվոտաներով, հաղորդում է Reuters գործակալությունը:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները գործակալությանն ասել են, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է այսպես կոչված ծանուցումներ ուղարկել Վարշավա, Բուդապեշտ և Պրահա, ինչից հետո արդեն այս երկրների նկատմամբ կսկսվի հետաքննություն՝ միության առջև ստանձնած պարտավորություններից հրաժարվելու, ներքին կանոնադրությունը խախտելու հարցով:
Երկու տարի առաջ Բրյուսելում ընդունված որոշմամբ նախատեսվում էր մինչև այս տարվա սեպտեմբեր Իտալիայից ու Հունաստանից շուրջ 160 հազար ներգաղթյալ տեղափոխել Եվրամիության կենտրոնական և արևելյան անդամ երկրներ:
Վերջնաժամկետին ամիսներ են մնացել, սակայն մինչ օրս 160 հազարից միայն 20 հազարն են տեղափոխվել:
Հունգարիան, Սլովակիան և Լեհաստանը ծրագրի հենց մեկնարկին էին ընդդիմացել, անցած շաբաթ նրանց միացավ Չեխիան:
Լոնդոնում և Մանչեսթրում իրականացված արյունալի ահաբեկչություններից հետո չեխական կառավարությունը հայտարարեց, թե դադարեցնում է ներգաղթյալների ընդունման ծրագիրը՝ անվտանգության նկատառումներով։
«Այդ համակարգը չի աշխատում և միայն բարդացնում է իրավիճակը», - անցած շաբաթ հայտարարեց Չեխիայի ներքին գործերի նախարար Միլան Խովանեցը, ընդ որում, Պրահան առանց այս որոշման էլ Բրյուսելի նախատեսած 2 հազար 600 փախստականներից միայն 12-ին էր հյուրընկալել:
Ծրագիրը տապալելու՝ անդամ երկրների որոշումը լուրջ քննադատության արժանացավ Բրյուսելում։ «Եվրոպական ընտանիքի հիմքում մարդասիրությունն ու հանդուրժողականությունն է», - հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ - «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ինչպես և շատ այլ հարցերում, այս մեկի դեպքում էլ կգերակայեն եվրոպական ոգին ու արժեքները, և անդամ այս պետությունները կվերանայեն իրենց որոշումները, որպեսզի մենք ստիպված չլինենք հարցը իրավական հարթություն տեղափոխել»:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները չեն բացառում, որ առանցքային նշանակություն ունեցող այս որոշմանը չենթարկվելու համար կարող են պատժամիջոցներ սահմանել անդամ պետությունների նկատմամբ՝ տուգանքների կամ ֆինանսական աջակցությունից զրկելու տեսքով։