Այսօր կշարունակվի Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունը

Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, 26-ը մայիսի, 2017թ.

Եթե խափանումներ չլինեն, այս գործընթացը պետք է հնարավորություն տա Սեֆիլյանին, մյուսներին ներկայացնել իրենց քաղաքական տեսակետները, ասաց Ենիգոմշյանը։

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեգ Ենիգոմշյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ զուտ իրավական առումով ոչ մի դրական ակնկալիք չունեն այս դատավարությունից։

«Բնականաբար ոչ մի դրական ակնկալիք չենք կարող ունենալ, ընդհանրապես այս համակարգից, այս համակարգի տարրական իշխանություն կոչվող լծակից, այդ առումով, զուտ իրավական իմաստով ոչ մի դրական ակնկալիք չենք կարող ունենալ: Բայց վստահ եմ, որ եթե միտումնավոր խափանումներ չլինեն, այս գործընթացը՝ և՛ Ժիրայր Սեֆիլյանի, և՛ իր հետ դատվողների, և՛ նաև «Սասնա ծռերի», պետք է հնարավորություն տա հենց իրենց՝ Ժիրայրին և մյուսներին, ներկայացնել իրենց քաղաքական տեսակետները, և այլն։ Այդ առումով այս գործընթացը, կրկնում եմ, եթե խափանումներ չլինեն իշխանությունների կողմից, ինչը խիստ հավանական է, դրական կարելի է համարել», - ասաց Ենիգոմշյանը։

Հարցին, թե մտավախություն ունե՞ն, որ դատական նիստերը կարող են փակ ընթանալ, Ենիգոմշյանը պատասխանեց. - «Մտավախություն ունենք, այո՛, ելնելով և իրենց համար այս դատական նիստերի ներկայացրած վտանգներից՝ քարոզչական իմաստով»։

Դիտարկմանը, որ եթե դատարանը չգնա նման քայլի և դատերը փակ չանցկացվեն, ապա սա նաև հարթակ կարող է ծառայել և՛ «Սասնա ծռերի» գործով կալանավորված անձանց, և՛ Ժիրայր Սեֆիլյանի համար՝ իրենց քաղաքական մտքերը հայտարարելու համար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամն այսպես արձագանքեց. - «Ճշմարտությունը բացահայտելու, այսինքն՝ ցույց տալու, որ այս հանցանքները սուտ են, կեղծ մեղադրանքներ են, և նաև քաղաքական դիրքորոշումների համար»։

Ենիգոմշյանը նշեց, որ այլ ակնկալիք դատարանից չունեն․ - «Իրավական առումով, ցավոք, այսօրվա Հայաստանի Հանրապետության դատարանից իրավական՝ արդարության հաստատման առումով ակնկալիքներ, ցավոք, չենք կարող ունենալ»։

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով․ ըստ մեղադրանքի, նա մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրել մայրաքաղաքում՝ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով, դրա կազմակերպման համար նախապատրաստական գործողություններ է կատարել։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սեֆիլյանը 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, բայց, ինչպես նշվում է մեղադրականում, չի հասցրել ավարտել այս գործողությունները։

Ժիրայր Սեֆիլյանն ու փաստաբանները շարունակում են հայտարարել, որ նա որևէ հանցանք չի գործել և ճաղերի հետևում է հայտնվել բացառապես իր քաղաքական հայացքների համար:

«Ազատության» հարցին, թե ինքը և՞ս հերքում է, բացառում է, որ, ինչպես նախաքննությունն է նշում, Ժիրայր Սեֆիլյանը ցանկացել է շենք-շինություններ գրավել, Ենիգոմշյանը պատասխանեց. - «Որպեսզի նման բաներ լինեն, պետք է լինեն ապացույցներ։ Ապացույցներ չկան։ Ցանկացած մեղադրանք այնտեղ՝ մեղադրական փաստաթղթում մտցված է, սակայն մի բան է թղթի վրա դա գրելը, այլ բան է դա հաստատվի՝ ապացուցելը»։

Նշենք, որ Սեֆիլյանի գործով դատավարությունը մեկնարկել է մայիսի 26-ին։ Մեկնարկից 15 րոպե հետո այն հետաձգվեց՝ գործով մեղադրյալներից մեկի փաստաբանի բացակայության պատճառով: