Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Մակրոնի կուսակցությունը

Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահի՝ 39-ամյա Էմանյուել Մակրոնի ընդամենը 1 տարի առաջ ստեղծած կենտրոնամետ կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում և նույնիսկ կարող է երկրի Ազգային ժողովում ճնշող մեծամասնություն կազմել:

Անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններում Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցության թեկնածուները առաջին փուլում ստացել են ձայների 28 տոկոսը: Դաշնակից աջ-կենտրոնամետ MoDem ուժի հետ միասին Ֆրանսիայի նորընտիր նախագահի քաղաքական ուժը ավելի քան 32 տոկոս ձայն կունենա, ինչը ծանրակշիռ ներկայություն կապահովի խորհրդարանում: Ֆրանսիայի Ազգային Ժողովի 577 մանդատներից 390-455-ը կարող է ստանալ Մակրոնին սատարող քաղաքական ուժը: Վերջնական պատկերը պարզ կլինի գալիք կիրակի կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում:

Քաղաքական մյուս ուժերից՝ պահպանողական համարվող Հանրապետական կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 16 տոկոսը, Մարի Լե-Պենի ազգայնական կուսակցությունը՝ Ազգային ճակատը՝ 14 տոկոս, ծայրահեղ ձախերը՝ 11, իսկ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցությունը՝ 7 տոկոս:

Հանրապետական Ֆրանսուա Բարոյին մտահոգություն է հայտնել, ասելով թե քաղաքական իշխանությունը չպետք է կենտրոնանա մի կուսակցության ձեռքում և իրենց աջակիցներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:

Ֆրանսիայի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ հունիսի 11-ի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 49 տոկոսը: Սա ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ գրանցված ամենացածր մասնակցությունն է:

Ազգային Ժողովի 577 մանդատների համար ընտրական մրցապայքարի մեջ էին մտել ավելի քան 7 հազար 800 թեկնածու: Ֆրանսիայում ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով:

Մակրոնի կուսակցության շարքերում առաջադրվել էին հինգ ֆրանսահայեր: Հայաշատ Մարսելի թիվ մեկ ընտրատարածքում հայազգի թեկնածուի առաջադրումը նաև քննադատության և վիճաբանությունների տեղիք է տվել:

«Ազատություն» ռադիոկայանի Փարիզի թղթակից Ռուզան Կյուրեղյանը հաղորդում է, որ երկար տարիների ընթացքում հայամետ գործունեությամբ աչքի ընկած պատգամավոր, հանրապետական Վալերի Բուայեի դեմ Մարսելի հայաշատ ընտրատարածքում Մակրոնի կուսակցությունը առաջադրել է հայազգի Պասկալ Շամասյանին: Նա աշխատում է «Օրանժ» ընկերությունում, ֆրանսահայ համայնքի ակտիվ անդամներից է, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ, երկար տարիներ ղեկավարել է նաև ազգային «Արաքս» պարային համույթը: Հունիսի 11-ի ընտրություններում նա առաջ է անցել Վալերի Բուայեից: Պասկալ Շամասյանը ստացել է գրեթե 29,5 տոկոս, Վալերի Բուայեն մոտավորապես 25 տոկոս: Հաղթողը կորոշվի երկրորդ փուլում:

Վալերի Բուայեի դեմ Պասկալ Շամասյանի առաջադրումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Համայնքի որոշ ներկայացուցիչներ Շամասյանին մեղադրել էին անգամ ապերախտության մեջ:

Ինքը՝ Շամասյանը, տեղական թերթերից մեկում հայտարարել էր, որ նախագահ Էմանյուել Մակրոնի կուսակցությունն է իրեն առաջարկել թեկնածությունն առաջադրել: