Աշոտյան․ Միջազգային հանրությունը պետք է կոշտ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ

ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Իշխող Հանրապետականի փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ, միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, պետք է կոշտ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ, այլապես տարածաշրջանում կունենա ոչ թե սառեցված հակամարտություն, այլ նոր կոնֆլիկտ:

Հայտարարություններից կոնկրետ գործողությունների անցնելու կոչ պաշտոնական Երևանը հնչեցրեց անցած շաբաթ օրը․ արտոգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, թե հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է «ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը»:

Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող քաղաքական ուժի փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ Բաքվի հասցեին ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը, իհարկե, ձեռքբերում է, բայց բավարար չէ: Անհրաժեշտ են կոշտ քայլեր, որոնք կկանխեն Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

Հիշեցնենք, մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում արձանագրել էին, որ շփման գծում վերջին օրերի լարվածության աճը սկսվել է «ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով»:

«Միջազգային հանրությունը պարտավոր է իր հստակ դիրքորոշումը հայտնել, այլապես կունենա նոր կոնֆլիկտ, այլևս ոչ սառեցված հակամարտություն, մշտապես տաք հակամարտություն, ինչը չի բխում գերտերություններից և ոչ մեկի շահերից», - ասաց Աշոտյանը:

«Ազատություն»․ - Այսինքն Դուք կարծում եք, որ եթե Մինսկի խումբը շատ հստակ գործողությունների չանցնի, ապա պատերազմն անխուսափելի՞ է լինելու:

Աշոտյան․ - Ես նման բան չասացի, որովհետև պատերազմի անխուսափելիության մասին խոսելը վաղ է, բայց ակնհայտ է, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների չհարգելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության փաստացի խոչընդոտելը, ինչը արվել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների տորպեդավորման միջոցով, սահմանային միջադեպերը ցույց են տալիս, որ պատեհ աշխարհաքաղաքական պահին Ադրբեջանը, կարծում եմ, կարող է իրեն թույլ տալ: Ադրբեջանական գայթակղություններին ընդառաջ պետք է, կարծում եմ, այս պահին պրեվենտիվ, պրոֆիլակտիկ միջոցներով կանխել հնարավոր գայթակղությունները կյանքի վերածելու մտադրությունը:

«Ազատություն»․ - Այսինքն սա ահազա՞նգ էր Հայաստանի արտգործնախարարության կողմից միջազգային հանրությանը:

Աշոտյան․ - Կարծում եմ, ոչ այնքան ահազանգ էր, որքան հուշում, թե ինչպիսի ճանապարհով կարելի է շարունակել կարգավորել այս գործընթացը:

Անդրադառնալով նրան, թե կոնկրետ ինչ գործողություններ է ակնկալում պաշտոնական Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտեց, թե պատժամիջոցները կարող են լինել և՛ տնտեսական, և՛ քաղաքական, միջազգային հանրությունն ունի այդ գործիքակազմը, կան բազում նախադեպեր, երբ միջազգային հանրությունը պարտադրել է խաղաղություն հակամարտող կողմերից մեկին:

«Ազատություն»․ - Կգնա՞ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ձեր մատնանշած այդ կոշտ քայլերին:

Աշոտյան․ - Կարող եմ կանխատեսում անել, որ դա անխուսափելի է լինելու մի օր: Որովհետև նման ձևաչափով, նման երկկողմանի կոչերը, որ տարիներ շարունակ հնչել են, հավասարության նշանները, համահարթեցման քաղաքականությունը, որ վարվել է կողմերի հանդեպ, չի կարող երկարաժամկետ կյանք ունենալ, և վաղ թե ուշ այն ձևաչափը, որի մասին մենք խոսում ենք, կյանքի է կոչվելու: Եվ Աստված մի արասցե, որ այն կոչելու համար պարտադիր նոր զոհեր պետք լինեն:

Նշենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր այցելել են Ստեփանակերտ: Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը, համանախագահներին ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Նա համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների և միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա:

Հանդիպմանը մասնակցած Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ համանախագահներին են ներկայացրել նաև Ադրեբջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտման դեպքեր․ - «Երբ որ նրանք փաստորեն այրում են մեր ցորենի դաշտերը: Այսինքն մարդիկ աշխատում են, ցորեն են ցանում, և բերքահավաքի ժամանակ փաստորեն դիտավորյալ ադրբեջանական կողմից կրակում են այնտեղ և այրում են․․․ գրեթե բոլոր հատվածներում, հիմնականում կենտրոնական և հարավային հատվածներում՝ Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, ինչ-որ տեղ նաև Հադրութի շրջանի սահմանագծին: Կան բոլոր տեսանյութերը այդ ամենի մասին: Մենք համանախագահներին ասել ենք, որ պատրաստ ենք դրանք տրամադրել և տրամադրելու ենք նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի գրասենյակին: Սրա մասին էլ է քննարկվել: Ասեմ, որ նախագահը ողջունել է համանախագահների վերջին հայտարարությունը, որը միակ հասցեական հայտարարությունն է եղել»: