Արամ Խաչատրյան մրցույթի եզրափակիչ փուլի 8 մասնակիցներից 4-ը Հայաստանից են, մեկը՝ Արցախից

Հունիսի 6-14-ը մեր մայրաքաղաքում տեղի է ունենում Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային երաժշտական մրցույթը՝ այս անգամ վոկալ անվանակարգում:

Մրցույթն անցկացվում է երեք փուլով: 13 երկրներից ժամանած 46 վոկալիստներից 8-ը հաղթահարել են առաջին երկու փուլերը և այսօր երեկոյան Օպերային թատրոնում հանդես կգան երրորդ փուլում, որը կտևի երկու օր: Իսկ վաղը երեկոյան մրցույթի միջազգային հեղինակավոր ժյուրին կորոշի մրցանակակիրներին, որոնց անունները կազդարարվեն արդեն հունիսի 14-ին կայանալիք մրցույթի եզրափակիչ գալա համերգին:

Մրցույթի երրորդ փուլի մասնակիներից չորսը Հայաստանից են, մյուսները ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ղազախստանը, Ուկրաինան և Արցախը: Այսօր և վաղը երեկոյան նրանք հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբի հետ միասին, որը Արամ Խաչատրյանի անվան մրցույթի պաշտոնական նվագախումբն է:

Այս տարի մրցութային հանձնաժողովի նախագահը Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանդին Օրբելյանն է: «Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ մրցույթի մասնակիցները շատ լրջորեն են նախապատրաստվել, հատկապես ուշագրավ է, որ մրցույթի պարտադիր պայմաններից էր բոլոր մասնակիցների համար մեկական կոմիտասյան ստեղծագործություն կատարելը:

Միջազգային ժյուրի կազմում է Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին դափնեկիր, կանադահայ մեր հայրենակից, անվանի սոպրանո Իզաբել Բայրաքդարյանն, ով այսօր ասաց, որ շատ բարձր է գնահատում այն, որ ի տարբերություն աշխարհում անցկացվող բազմաթիվ այլ մրցույթների, որտեղ մասնակիցները երգում են հիմնականում իտալերեն կամ անգլերեն, այս մրցույթում երգերը հնչում են հայերեն․ - «Կգնահատեմ Օրբելյանին, կոմիտեին, որովհետև այս գաղափարը ունեցան՝ Կոմիտաս երգի երգիչ կամ երգչուհի, որ հայերեն չի խոսում»:

Ժյուրիի անդամներից Արգենտինան ներկայացնող անվանի դիրիժոր Խորխե Պարոդին մեր զրույցի ընթացքում շեշտում էր, որ առաջին անգամ է Հայաստանում և հպարտ է, որ իրեն է բախտ վիճակվել ներկայացնել իր հարազատ Արգենտինան:

Միջազգային ժյուրիի արգենտինացի անդամը նշեց, որ թեև առաջին անգամ է Հայաստանում, բայց լավ ծանոթ է հայկական մշակույթին, հատկապես համաշխարհային հռչակ ունեցող անուններին՝ Արամ Խաչատրյանին, Ազնավուրին և այլոց: Հավելեց նաև, որ հպարտ է աշխարհում շատ հայտնի և սիրելի Արամ Խաչատրյանի անվան այս մրցույթին մասնակցելու համար: Ասաց, որ շատ է սիրում հայկական երաժշտությունը և շատ է հուզվում Կոմիտաս լսելիս:

Լիտվայից ժամանած օպերային երգչուհի Նոմեդա Կազլաուսը շեշտում էր, որ այս մրցույթը շատ լավ հնարավորություն է հատկապես երիտասարդ երաժիշտների, երգիչների համար ճանաչում ձեռք բերել ամբողջ աշխարհում, քանի որ ժյուրիի կազմում և մրցույթի պատվավոր հյուրերի թվում են շատ անվանի երաժիշտներ, որոնց հետ հետագայում նրանք կարող են համագործակցել:

Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայի դիրիժոր Հոուարդ Ուոտկինսն ասում էր, որ թեև առաջին անգամ է Հայաստանում, բայց շատ լավ գիտի հատկապես Արամ Խաչատրյանի երաժշտությունը:

Մետրոպոլիտեն օպերայի տնօրենի տեղակալ, դիրիժոր Ջոն Ֆիշերը, նշելով, որ այս մրցույթը շատ կարևոր է նաև այն պատճառով, որ ամեն տարի անցկացվում մի որոշակի անվանակարգում, և այս տարի առաջին անգամ՝ վոկալի անվանակարգում․ - «Հայաստանը մեծ մշակույթ ունի, նաև մեծ վոկալ մշակույթ ունի: Հրաշալի ձայներ, հրաշալի վոկալիստներ, որոնց մենք լավ ենք ճանաչում թեկուզ մեր Մետրոպոլիտեն օպերայից»: