Գրիշա Վիրաբյանը բողոք հանձնեց ՀՔԾ՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին

Տարիներ առաջ Բելգիայում ապաստան ստացած քաղաքական ակտիվիստ Գրիշա Վիրաբյանն այսօր բողոք-նամակ հանձնեց Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանին։

59-ամյա Վիրաբյանը պնդում է՝ հենց նախագահն է մեղավոր, որ 2004 թվականին Արտաշատի ոստիկանությունում իրեն ծեծի ենթարկած ոստիկանները, այդ թվում՝ Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։

«Քանի որ մեր երկրում բոլոր օրենքների երաշխավորը ըստ Սահմանադրության Հանրապետության նախագահն է և ինքն էլ կայացնում է քաղաքական որոշում, և համոզված եմ, որ իմ գործով ինքն էլ կայացրել է քաղաքական որոշում ոստիկաններին չպատժել, ես այսօր հայցադիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի քրեական պատասխանատվության ենթարկելու՝ իմ իրավունքները չպաշտպանելու և Եվրադատարանի վճիռը չկատարելու համար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ակտիվիստը:

Վիրաբյանը պնդում է՝ Հայաստանի կառավարությունը անտեսում է Եվրոպական դատարանի վճիռը․ երեք ամիս առաջ Գլխավոր դատախազությունը կարճել է իրեն ծեծի ենթարկած ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը․ - «Հիմա էլ՝ այդ գործի կարճումից հետո, չի հիմնավորվում, որ ինձ խոշտանգել են»:

Վիրաբյանը ընդդիմադիր գործիչ, 2003 թվականին նախագահի թեկնածություն առաջադրած Ստեփան Դեմիրճյանի համակիրն էր։ Չընդունելով ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ քվեարկությունից մեկ տարի անց ընդդիմադիր կուսակցությունները Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեցին, որին մասնակցում էր նաև ակտիվիստը։ Բելգիայից Հայաստան եկած Վիրաբյանը, վերհիշելով իր հետ տեղի ունեցածը, պատմում է, որ դրանից հետո հրազեն պահելու կասկածանքով իրեն տարան Արտաշատի ոստիկանություն, ծեծի ենթարկեցին։ Մետաղյա իրով խփել էին, ապա ձեռնաշղթաներ հագցրել և Աշոտ Կարապետյանը շարունակել էր նրան գոտկատեղից ներքև հարվածներ հասցնել։ Հաջորդ օրը ակտիվիստին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, վիրահատության ենթարկել։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 2012թ. հոկտեմբերին կայացրած վճռի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պետք է 31 հազար եվրո վճարեր ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանին՝ նրան պատճառված բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար: Դատարանը նաև հաստատել էր, որ Գրիշա Վիրաբյանը ոստիկանական բաժանմունքում խոշտանգման է ենթարկվել։

«Իհարկե՝ դա քաղաքական որոշում էր, Հանրապետության նախագահի որոշումն էր՝ Եվրադատարանի վճռից առաջ Աշոտ Կարապետյանին նշանակել քրեական վարչության պետ, որից հետո՝ արդեն Եվրադատարանի վճռից հետո, Աշոտ Կարապետյանին նշանակեցին Երևան քաղաքի ոստիկանապետ և շնորհեցին գեներալի կոչում», - մեկնաբանեց նա: - «Իհարկե, հաշվի ենք առնում նաև անմեղության կանխավարկածը, բայց նման աղաղակող փաստերը, որ Եվրադատարանում գործ է քննվում՝ իրենք կարող էին չշտապել», - հավելեց նա:

Վիրաբյանի գործով Ստրասբուրգի դատարանի որոշումից հետո Հայաստանում քրեական գործ էր հարուցվել։ Տարիներ շարունակ քննելով նրան ծեծի ենթարկելու միջադեպը՝ երեք ամիս առաջ Գլխավոր դատախազությունը փակեց գործը։ Իրավապահները եզրահանգել են, որ բավարար ապացույցներ չկան այն մասին, որ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը խոշտանգել է ակտիվիստին։ Վիրաբյանի փաստաբան Արա Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ պատրաստվում են կրկին դիմել Եվրոպական դատարան:

«Հայաստանի քննչական մարմինները որոշում են, որ ապացույցները անբավարար են պատժելու համար՝ խոշտանգում տեղի է ունեցել, թե ոչ: Սա ուղղակիորեն հակասում է Եվրոպական դատարանի վճռին», - փաստեց Ղազարյանը:

Խոշտանգման դեպքից հետո Բելգիայի կողմից ապաստան ստացած Վիրաբյանը հաստատակամ է՝ շարունակելու է պայքարը մինչև հասնի արդարադատության՝ ճաղերի հետևում տեսնելով իրեն խոշտանգած ոստիկաններին։

Հիշեցնենք՝ Աշոտ Կարապետյանն անցած տարի՝ 2016-ին, Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զինված խմբի կողմից գրավելու օրերին Երևանում մեկնարկած հանրահավաքներից հետո ենթարկվեց կարգապահական տույժի, ապա ոստիկանապետի հրամանով ազատվեց Երևանի ոստիկանապետի պաշտոնից։ Այդ օրերին ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների և լրագրողների նկատմամբ, տասնյակ մարդիկ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: