Կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիները հունիսի 11-ից պաշտոնապես հնարավորություն ունեն առանց վիզա ստանալու 90 օրով մեկնել Շենգենյան գոտու տարածք:
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունները հայտնել են, որ ակնկալում են եվրոպական ուղղությամբ ուղևորահոսքի մինչև 30 տոկոս աճ:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նախօրեին` վիզային սահմանափակումների վերացմանն ընդառաջ, «1+1» հեռուստատեսության եթերում համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան առաջիկայում նաև կանդամակցի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը և «ոչինչ, ոչ ոք մեզ երբեք չի կասեցնի»:
«Հետ դեպի ԽՍՀՄ բառերը կլսենք միայն «Բիթլզն»-ների ձայնագրություններում», - ասել է Ուկրաինայի նախագահը: - «Մենք երբեք չենք վերադառնա Խորհրդային Միություն, որովհետև մենք` լինելով հպարտ, ազատ և ժողովրդավարական ազգ, վերադառնալու ենք եվրոպական ազգերի ընտանիք»:
Պորոշենկոն հայտարարել է, որ վիզային ռեժիմի ազատականացումը խորհրդանշում է «ոչ թե Բեռլինյան երկաթբետոնե պատի անկումը, այլ թղթե վարագույրի փլուզումը, որը տարիներ շարունակ ուկրաինացիներին բաժանում էր եվրոպական ընտանիքից»: