Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի 16-ամյա որդին, որը երկու օր առաջ տեղի ունեցած վրաերթի գործով ներգրավվել է որպես կասկածյալ, ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս մասին «Ազատության» հետ հեռախոսազրուցում ասաց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Քննչական Կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել, ըստ որի, Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ Թորոսյանը հիվանդանոցում մահացել է:
Երեկ քաղաքապետ Դանիելյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ վրաերթի հեղինակն իր անչափահաս որդին է: Այսօր «Ազատության» հարցին՝ ինչու՞ է ծառայողական մեքենան վարել իր անչափահաս որդին, Հրազդանի քաղաքապետը պատասխանեց՝ տեղյակ չի եղել, հակառակ դեպքում թույլ չէր տա: «Մեքենան գտնվել է մեր բակում, վարորդը գործով այնտեղ չի եղել, երեխան բացակայությունից օգտվելով՝ իր հորաքրոջ աղջկան ուզեցել է հասցնել Երևանի ավտոկանգառ, այնտեղ էդ դեպքը պատահել է: Ես տեղյակ չեմ եղել, եթե տեղյակ լինեի, չէի թողնի», - ասաց Դանիելյանը:
Հակադարձելով իրավապաշտպանների այն պնդումներին, թե կատարվածի համար մեղավոր է նաև Հրազդանի քաղաքապետը, և առհասարակ, քաղաքակիրթ երկրներում նման դեպքերին հաջորդում է առնչվող պաշտոնյայի հրաժարականը, Դանիելյանն ասաց․ «Բոլորի հետ էլ նման դեպք կարող է պատահել, ոչ ոք ապահովագրված չէ: Չգիտեմ, թե քաղաքակրթությունը ինչ է ասում, բայց ամեն մեկն էլ մեղքի իր բաժինն ունի»: Դանիելյանն ասաց նաև, թե Վալերի Թորոսյանի մահից հետո տուժող կողմի ընտանիքն դեռ չի հանդիպել, սակայն, հիվանդանոցում «մինչև վերջ ընտանիքի հետ է եղել և օգնել»:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը 1998 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Համաձայն Հրազդանի քաղքապետարանի պաշտոնական կայէջքի՝ 2002-ից զբաղեցնում է Հրազդանի քաղաքապետի պաշտոնը: «Ազատության» հարցը՝ արդյո՞ք կուսակցությունում քննարկվել է դեպքը, վրդովվեցրեց քաղաքապետին․ «Խի՞ եք քաղաքականցնում, մենք էլ ենք, չէ՞, մահկանացու․․․Հանրապետական կուսակցությունն իմ անձնականի հետ ի՞նչ կապ ունի, ոչ մի քննարկում էլ չի եղել, մի քաղաքականացրեք»:
Համատարած անպատժելիությունն ու համընդհանուր կոռուպցիան Հայաստանում ամեն օր հանցագործության նոր դեպքերի պատճառ են դառնում, արձագանքելով մահվան ելքով այս ավտովթարին՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասացին իրավապաշտպանները՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել քաղաքապետարանին պատկանող ավտոմեքենայով:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամաբ՝ այս դեպքում պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ միայն վրաերթ իրականացրած անձը, այլ նաև նրա հայրը՝ Հրազդանի քաղաքապետը: «Այստեղ կա նաև պաշտոնական անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հանգամանքը, որը հասցրել է ծանր հետևանքների, այսինքն քրեական գործի շրջանակներում պետք է որպես մեղադրյալ ներգրավվի նաև քաղաքապետը»,- ասաց Սաքունցը:
Ծառայողական մեքենայի չարաշահումը քաղաքակիրթ երկներում ընկալվում է որպես կոռուպցիա, «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, հավելելով՝ իսկ մեր հասարկությունը շատ դեպքերում արդարացնում է այդպիսի երևույթները: «Ծառայողական մեքենաները սպասարկում են ընտանիքին, սպասարկում են հանգստյան օրերին, երեխաներին դպրոց տանել, շուկա և այլն, և այլն: Քաղաքակիրթ երկրներում սա կոչվում է կոռուպցիա: Հայաստանում սա ընդունված կարգ է: Մի կողմից հասարակությունն է դա ընդունում որպես նորմ, մյուս կողմից իշխանությունը: Սա ուղղակի պարզվեց, իսկ որքան նման դեպքեր են լինում, որոնք չեն պարզվում, որովհետև դժբախտ պատահարների չեն հանգեցրել»,- ասաց Իշխանյանը:
Արթուր Սաքունցի խոսքով՝ «անպատժելիության մթնոլորտում» Հանրապետական կուսակացության ներկայացուցիչների կամ նրանց ընտանիքների անդամների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը լուրջ քննարկաման առարակա են դառնում միայն հասարկության շրջանում և լրատվամիջոցներում, մինչդեռ իրավապահ մարմնինները պատշաճ հետաքննություն չեն իրականցնում, ավելին՝ պարտակում են հանցագործությունները:
«Փորձ է արվում այդ հանցագործությունները կոծկել կամ առնվազն տուժածների հարազատների հետ գնալ երկխոսության, համաձայնության՝ փողի, ճնշումների, համոզելու միջոցով: Եվ հանցագործությունը պարտակում են: Եթե պատասխանատվությունը լիներ անխուսափելի, ապա նման քայլ կատարելուց առաջհազար անգամ կմտածեին»,- ասաց Սաքունցը:
Այս դեպքի հետ կապված ուշագրավ է նաև հանգամանքը, որ ի սկզբանե վթարի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել այլ անձ՝ ըստ Քննչական կոմիտեի՝ 1985թ. ծնված մի տղամարդ: Սակայն քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մեքենայի ղեկին 16-17 տարեկան պատանի է եղել։ Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ նույն օրն ավելի ուշ՝ ժամը 21-ին, պատանին ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք և տեղեկացրել, թե դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության:
Իրավապաշտպանների գնահատմամբ՝ սա պատժից խոսւափելու փորձ է, ինչը հերթական անգամ վկայում է երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտի մասին: Ավետիք Իշխանյանի խոսքով՝ քաղաքակիրթ երկներում այսպիսի սկանդալային պատմությանն առնվազն կհաջորդեին պաշտոնատար անձանց հրաժարականներ, բայց հայաստանյան իրականությունն այլ է:
«Մենք մեր պատմության մեջ գիտենք շատ դեպքեր՝ Գյումրիի քաղաքապետի, Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված, բազմաթիվ օրինակներ դուք էլ կարող եք բերել, թե իրենք և իրենց հարազատներն ինչ քաջագործություններ են արել, բայց դրանք որևէ հետևանք չեն ունեցել: Ամեն ինչ կախված է Հայաստանի վերին ղեկավարությունից, թե ինչ ցուցումներ նրանք կտան: Եթե ներքին կարգով հրաժարականի ցուցում տան, նա [պաշտոնյան] հրաժարական կտա, եթե ցուցում չլինի, կշարունակի պաշտոնավարել, իսկ թե քրեական գործն ինչպիսի ընթացք կունենա, դա նույնպես կախված է ցուցումից: Սա է մեր իրականությունը: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանն իրավական պետություն չէ»,- ասաց Ավետիք Իշխանյանը: