Վանաձորի ավագանիում ՏԻՄ ընտրություններից հետո սկսված ճգնաժամի հարցը հասել է Սահմանադրական դատարան: Խորհրդարանի «Ելք» և «Ծառուկյան» ընդդիմադիր խմբակցությունների 26 պատգամավորներ երեկ դիմել են բարձրագույն ատյան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով՝ Վանաձորի ավագանու Հանրապետական և Դաշնակցություն խմբացկությունները, լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում՝ այս տարվա մարտ ամսից գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ:
Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, շարունակելով․ «Քվորումի համար կան նախապայմաններ և հասկացություններ: 33 հոգանոց ներկայացուցչական մարմնում չեն կարող քվորում ապահովել 15 հոգի: Մենք վիճարկում ենք այդ դրույթը, դրա մեկնաբանությունը, դրա կիրառման պրակտիկան, վիճարկում ենք նաև այն որոշումները, որոնք ընդունվել են ավագանու՝ ապօրինի նիստեր գումարելու արդյունքում»:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտում են նախորդ տարվա հոկտեմբերի 10-ից, երբ գաղտնի քվեարկությունից հետո քաղաքապետ դարձավ հանրապետական Մամիկոն Ասլանյանը, թեև ձայների մեծամասնությունը ստացած ընդդիմադիր երեք կուսակցությունները պայմանավորվել էին քաղաքապետ ընտրել «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին:
Ընդդիմադիրների բոյկոտի պայմաններում Վանաձորի ավագանին 6 ամսվա դադարից հետո, այս տարվա մարտ ամսից սկսած, Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունների 15 անդամների մասնակցությամբ նիստեր է գումարում: ՀՀԿ ներկայացուցիչ՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանն» ասաց, թե Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ իրենք նիստեր են գումարում՝ հիմնվելով «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի վրա:
«ՏԻՄ նոր օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, փետրվարին մի նիստ չարեցինք, որից հետո, արդեն մարտին, նիստ գումարեցինք: Քվորում հասկացությունը նոր ՏԻՄ օրենքն ընդհանրապես չի սահմանում, խոսքն իրավազորության մասին է, իրավազորությունը հստակ սահմանված է, էնպես որ էստեղ վիճարկելու որևէ հիմք չեմ տեսնում»,- ասաց Ասլանյանը:
Հունվարին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր կառավարությանը, նշելով, որ երեք ամիս է, ինչ նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած ավագանին չի կարողանում նիստեր գումարել և որոշումներ կայացնել, հետևաբար՝ անգործունակ է ու պետք է լուծարվի: Կառավարությունը մերժել էր ավագանին վաղաժամ լուծարելու դիմումը: Դրանից հետո ընդդիմադիրները սպասում էին, որ լրանա նիստեր չգումարելու 6-ամսյա ժամեկտը, ինչից հետո ավագանին «ինքնաբերաբար» պետք է լուծարվեր: «Երբ, ըստ օրենքի, պետք է դադարեր, իրենք սկսել են նիստեր գումարել և դրանով իբրև թե ապահովել այն նախապայմանը, որով դադարում են լիազորությունները: Միչդեռ, գումարված նիստերը չեն ունեցել քվորում և չեն կարող նիստեր համարվել»,- ասում է Էդմոն Մարուքյանը:
Նրա դիտարկումներին, թե կառավարությունը չի լուծարել ավագանին, քանի որ քաղաքապետը Հանրապետականի թեկնածուն է՝ Մամիկոն Ասլանյանը հակադարձեց՝ քաղաքական շահարկումների դաշտ չի ցանկանում մտնել: «Էն մարդիկ, ովքեր ժողովրդի քվեի արժեքը չգիտեն, ովքեր իրենց տրված վստահությունը օդում են կախել և զբաղված են ինչ-որ դաշտերում ինքնակայացմամբ, չեմ կարծում, թե այդ մարդիկ Վանաձոր ցավով են ապրում»,- ասաց Վանաձորի քաղաքապետը, նշելով, թե ինքն այժմ զբաղված է քաղաքի խնդիրներով և չի ցանկանում մտնել «քաղաքական վիճաբանությունների դաշտ»:
Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի խոսքով, պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում Վանաձորի ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկման մասին իրենց դիմումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է: Ըստ Մարուքյանի, եթե բարձրագույն դատարանը բավարարի իրենց պահանջները, Վանաձորի ավագանին պետք է լուծարվի և տեղի ունենան նոր ընտրություններ: