Վերջին տարիներին հայկական կինոյի զարգացման մասին շատ է խոսվում: Տարեցտարի ավելանում է նկարահանվող այն ֆիլմերի թիվը, որոնք ներկայացվում են տարբեր փառատոներում, մրցանակների արժանանում, մինչդեռ այդ ֆիլմերը հայ հանդիսատեսին այնքան էլ ծանոթ չեն․ դրանք որոշակի փառատոների ներկայացվելուց առաջ կամ հետո մեկ-երկու անգամ ցուցադրվում են մեր կինոթատրոններում և վերջ: Երբեմն ցուցադրվում են նաև այս կամ այն հեռուստաընկերության եթերում:
Հայկական ֆիլմերը տարածման ցանց չունեն․ նախ՝ տեղական շուկան է փոքր, կինոթատրոնները քիչ են, արտասահմանյան շուկա մտնելն էլ մեր կինոգործիչների համար շատ բարդ խնդիր է, թեև արդեն անցյալ տարվա հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամին: Անդամակցության գործընթացն, ի դեպ, տևեց 10 տարի, այն սկսվել էր 2006 թվականին և ավարտվեց 2016-ին:
«Եվրիմաժը» ֆիլմարտադրության համար ֆինանսական աջակցություն է տրամադրում մի քանի ուղղություններով, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության, կինովարձույթի և կինոցուցադրության համար: Մեր կինոգործիչները, փաստորեն, իրական հնարավորություն ունեն ֆիլմ նկարահանելու համար ֆինանսավորում ստանալ եվրոպական այդ կառույցից, եթե իհարկե գրագետ ու եվրոպական չափանիշներին համապատասխան ծրագրեր ու նախագծեր ներկայացնեն:
Գաղտնիք չէ, որ պետությունը մեծ՝ եվրոպական կամ ամերիկյան չափանիշներին համապատասխան գումարներ չի կարող հատկացնել հայ կինոյի զարգացման համար: Այդուհանդերձ, ամեն տարի պետբյուջեից առնվազն 600 հազար դոլարին համարժեք գումար է հատկացվում թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական, թե՛ մանկական, անիմացիոն և այլ ֆիլմերի ստեղծման համար: Սա, իհարկե, շատ քիչ է հոլիվուդյան ֆիլմերի ահռելի բյուջեների համեմատությամբ, այդուհանդերձ, պետությունը քիչ, բայց որոշակի ներդրում կատարում է հայ կինոյի զարգացման մեջ:
Մշակույթի նախարարությունը վարչապետի հանձնարարությամբ այս ոլորտի զարգացման հայեցակարգ է մշակում, որը կառավարության քննարկմանը կներկայացվի արդեն հաջորդ ամիս: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ այս խնդրին անդրադառնալով, ասաց՝ շատ կարևոր է ոչ միայն պետական աջակցությունը կինոյի զարգացման գործում, այլև մասնավոր պոտենցիալի ներգրավումը: Շատ հարցեր իրենց պատասխանը կգտնեն «Կինոյի մասին» օրենքում, որի նախագիծն այս տարի կներկայացվի խորհրդարան:
«Մենք հիմա մշակում ենք կինոյի զարգացման հայեցակարգ, որի հիման վրա կինոն պետք է զարգանա համաձայն օրենքի և հայեցակարգի: Եվ պետք է զարգանա այն աստիճան, որ մասնավոր ներդրումներ կատարվեն, տեխնիկական միջոցներ ներկրվեն, ստուդիաներ կառուցվեն, որովհետև համաձայն օրենքի և այն պայմանների, որ նախատեսում ենք, հնարավոր է, որ ամեն տարի հասկայական գումարների ներհոսք լինի Հայաստան՝ ֆիլմեր նկարահանելու համար»,- ասաց Արմեն Ամիրյանը: Նախարարի խոսքով, սակայն, կինոյի ասպարեզում բարեփոխումների համար նախևառաջ կրթական համակարգը պետք է զարգացնել:
Your browser doesn’t support HTML5