Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

ՊՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրադրությունը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

«Պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի վրա` ողջունելով դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքը: Որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության կարևոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է 2016 թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դրանով հանդերձ՝ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ակնկալվում է, որ օրվա ընթացքում միջնորդները կհանդիպեն նաև Հայաստանի նախագահին և արտգործնախարարին: Միջազգային միջնորդների տարածաշրջանային այցի առաջին կանգառը Երևանն է: Նախատեսվում են նրանց այցերը նաև Ստեփանակերտ և Բաքու:

Մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, արձանագրել էին, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերի լարվածության աճը սկսվել է «ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով»:

Համանախագահների այս այցից օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ընդհանուր սկզբունքների շուրջ փոխհամաձայնություն կա, սակայն դեռ համաձայնեցված չեն «շատ կարևոր, զգայուն դետալներ»: