Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ օրերս արած հայտարարությունից զայրացած «Ֆիրդուսի» տոնավաճառի առևտրականներն այսօր հրավիրվել էին քաղաքապետարան։ Նրանց հետ հանդիպում էր նշանակել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը՝ քննարկելու Մարգարյանի հանձնարարականը, ըստ որի, պետք է մեկ շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կարգավորել առևտրականներին այլ տարածք տեղափոխելու հարցը։
Այսօր քննարկման էին եկել 7 առևտրականներ, որոնք բերել էին իրենց շուրջ 100 գործընկերների կողմից կազմված ու ստորագրված դիմումը։ Նրանք խնդրում են ընդառաջել և տոնավաճառից դուրս գալու վերջնաժամկետ սահմանել դեկտեմբերի 31-ը։
«Ազատությանը» թույլ չտվեցին ներկա գտնվել քննարկմանը: 40 րոպե տևած հանդիպումից հետո քննարկման մասնակիցների մի մասը շտապեց վերադառնալ իրացման գոտում գտնվող տոնավաճառ, իսկ նրանք, ովքեր մնացին, պատմեցին, որ Դավիթ Օհանյանին ներկայացրել են իրենց պահանջները, սակայն փոխքաղաքապետը, «ըստ էության», հույս չի տվել, թե հեռացման ժամկետը կերկարաձգվի մինչև տարեվերջ։
«Ասաց հույս չունենք, մինչև դեկտեմբեր, որովհետև շուկան իրացման գոտում ա․․․ 6 ամիս ենք խնդրում, ես չեմ հասկանում, 6 ամիսը մե՞ծ ժամկետ ա»,- ասաց առևտրականներից մեկը: Փոխքաղաքապետ Օհանյանն, այնուամենայնիվ, խոստացել է ֆիրդուսցիների պահանջը ներկայացնել իր վերադասին և արդյուքների մասին տեղեկացնել առևտրականներին։․ «Ասաց՝ ողջամիտ ժամկետում մենք կբանակցենք, բայց հույս չեմ տալիս, ինչ-որ մի բան կանենք»:
Իրատեսական ժամկետը մեկ-երկու ամիսն է, ըստ ֆիրդուսցիների, ասել է փոխքաղաքապետն ու առաջարկել արդեն նոր տաղավարներ ընտրել։ Մինչդեռ, առևտրականներին դա չի գոհացնում։ Ասում են՝ քաղաքապետարանում իրենց վստահեցնում են, թե բանակցում են այլ տոնավաճառների հետ հատուկ պայմաններով իրենց ընդունելու համար, բայց ամեն ինչ իրականում այդքան էլ գրավիչ չէ, որքան ներկայացվում է։ Նրանց խոսքով, հավաստիացումները, թե նոր տաղավարները մատչելի են լինելու, ճիշտ չեն, նոր տեղերում առաջարկվող պայմաններն էլ ամենևին հրապուրիչ չեն:
Ֆիրդուսցիների հետ հանդիպումն ու նրանց հիմնավորումները չեն համոզել փոխքաղաքապետին։ «Ազատության» հետ զրույցում Դավիթ Օհանյանն ասաց՝ մինչև դեկտեմբերի վերջ մնալը ժամանակ շահելու միջոց է։ Այնպես որ նոր՝ ողջամիտ առաջարկներով առևտրականներին փոխքաղաքապետը կսպասի հաջորդ շաբաթ։
«Իրենք ոչ ողջամիտ ժամկետ են ներկայացնում՝ մինչև դեկտեմբեր: Ու չեն հիմնավորում, թե ինչու մինչև դեկտեմբեր: Դրա համար ես նորից իրենց ասացի՝ գնացեք զրուցեք, ձեր միտքը, տրամաբանությունը նորից տվեք թղթին, եկեք միասին քննարկենք»,- ասաց Օհանյանը: Առևտրականները, սակայն, հույս ունեն, որ իրենց ընտրյալ քաղաքապետն ընդառաջ կգնա խնդրանքին։
Տարոն Մարգարյանն այսօր, անդրադառնալով խնդիրին, նշել է, թե փորձելու են ընդհանուր հայտարարի գալ և նեղություն չպատճառել ոչ ոքի։ «Մենք դեմ ենք օրվա հացի խնդիր լուծող առևտրականին փորձենք միանգամից արգելել, դրա համար բանակցում ենք այլ շուկաների հետ, որ իրենց անվճար տեղեր հատկացնեն, հարմար տեղեր հատկացնեն»,- ասել է Երևանի քաղաքապետը: Մարգարյանը նաև շեշտել է՝ հակված չեն «նեղացնելու» առևտրականներին, այնպես որ՝ բանակցությունները կշարունակվեն։