Ջեյմս Քոմին չի բացառում, որ Դոնալդ Թրամփը կարող է ստել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՀԴԳ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին:

ԱՄՆ-ի նախագահի և ՀԴԲ նախկին տնօրենի վեճը շարունակում է:

«Ես ամբողջությամբ արդարացված եմ»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Սենատի հետախուզության հարցերի հանձնաժողովում Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի երեկվա ցուցմունքին, ընդգծելով, որ դրանով ինքն ամբողջությամբ արդարացված է:

Նախագահն իր Թվիթերում «leaker» է որակել Քոմիին, այդպես են անվանում հրապարակման ոչ ենթակա տեղեկությունն ուրիշներին փոխանցող մարդուն:

Երեկ Քոմին ասել է, որ նախագահը ստել է, երբ հրապարակավ խոսել է իրեն պաշտոնից ազատելու հանգամանքների մասին: Ըստ Քոմիի, Թրամփն անարդար և վարկաբեկող ոճով է խոսել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատանքի մասին:

Ստեր էին, բացահայտ ստեր

«Օրենքը չի պահանջում պատճառաբանել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը, բայց դրանից հետո Թրամփի վարչակազմը սկսեց ինձ վարկաբեկել և, ինչն ավելի կարևոր է՝ պնդել, թե իմ կառույցը խառնաշփոթի մեջ է, վատ է կառավարվում, աշխատակիցները կորցրել են վստահությունը ղեկավարի հանդեպ: Դրանք ստեր էին, բացահայտ ստեր»,- ասել է Քոմին:

Ըստ Քոմիի, իր պաշտոնանկության բուն պատճառը Թրամփի թիմակիցների և ռուս պաշտոնյաների շփումների գործով ընթացող հետաքննությունն է, որը գտնվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի վարույթում:

«Ես դա ընդունեցի որպես կարգադրություն»

Քոմիի ցուցմունքի համաձայն, նախագահը մի քանի հանդիպումների ժամանակ ակնարկել է, թե լավ կլինի, որ Մայքլ Ֆլինի՝ ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդականի մասով հետաքննությունը դադարեցվի: - «Թող Ֆլինը հանգիստ գնա, նա լավ տղա է», - ըստ Քոմիի, ասել է Թրամփը:

«Ես դա ընդունեցի որպես կարգադրություն: Նկատի ունեմ, որ երբ սենյակում միայն դու ես և Միացյալ Նահանգների նախագահը, և նա ասում է «ես հուսով եմ», դու հասկանում ես, որ նա հենց այդ է ուզում, ես չեմ ենթարկվել, բայց ես ընկալել եմ դա որպես կարգադրություն»,- ասել է Քոմին:

Նախագահը հետաքննության մեջ ընդգրկված չէ

Երեկ Թրամփի փաստաբան Մարք Կազովիցն ընդգծել է, թե Քոմիի ցուցմունքով ապացուցվում է ամենակարևորը՝ Թրամփի թիմակիցների և ռուսների շփումների գործով ընթացող հետաքննության մեջ անձամբ նախագահն ընդգրկված չէ:

Կազովիցը նաև նկատել է, որ հիմա հենց Քոմիին կարելի է մեղադրել հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները հանրությանը փոխանցելու համար:

Սպիտակ տունը պնդում է, որ նախագահը երբեք որևէ եղանակով չի փորձել ազդել հետաքննության ընթացքի վրա:

«Այդ մարդը կարող էր ստել»

Քոմին ասում է, թե կանխազգացել է, որ այս ամենը շարունակություն կունենա և ինչ-որ կարևոր բան կլինի և սկսել է նոթեր գրել իր և Թրամփի հանդիպումների մասին, դա անհրաժեշտ էր՝ հաշվի առնելով նախագահի անձնավորությունը:

«Ինձ մտահոգել է այն, որ այդ մարդը [Դոնալդ Թրամփը] կարող է ստել մեր հանդիպումների մասին և հարկ է դրանք արձանագրել»,- ասել է Քոմին:

Ռուսների միջամտությունը թշնամական քայլ է

ՀԴԲ նախկին տնօրենի համոզմամբ, կասկած չկա, որ ռուսները միջամտել են 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:

«Նրանք միջամտել են, դա արել են հմտորեն, կիրառելով տեխնիկական լուրջ գործիքներ, դա ակտիվ և հաշվարկված արշավ էր, որի հրամանը տրվել է այդ երկրի ամենաբարձր ղեկավարների կողմից»,- ասել է Քոմին:

Դեմոկրատական սենատոր Մարթին Հայնրիխի այն հարցին, թե արդյո՞ք ռուսների այդ միջամտությունը կարելի է համարել թշնամական քայլ՝ Քոմին առանց վարանելու դրական պատասխան է տվել.- «Այո, սըր»:

Հետաքննությունը շատ կձգվի

Թրամփի ընդդիմախոսների համոզմամբ, եթե այնուամենայնիվ ապացուցվի, որ նա իրականում փորձել է զսպել կամ փոխել հետաքննության ընթացքը, դա կարող է որակվել որպես արդարադատության խոչընդոտում, մեղադրանք, որը կարող է ամենատհաճ հետևանքներն ունենալ ցանկացած պաշտոնյայի` այդ թվում երկրի ղեկավարի համար:

Սենատում լսումները կշարունակվեն արդեն դռնփակ ռեժիմով: Իսկ ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության գործով ընթացող հետաքննությունը հատուկ խորհրդականի կարգավիճակով վերահսկում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերթ Մյուլլերը:

«Այս հետաքննությունը դեռ շատ կձգվի»,- երեկ ասել է դեմոկրատական սենատոր Մարք Վարները: