Իր իրավունքների համար պայքարող գյուղացին «դեռ հույս ունի», որ «օրենք կա»

Գյուլագարակցի Մուշեղ Սուքիասյանը ցույց է տալիս պետական տարբեր կառույցներին ուղղած բազմաթիվ դիմումները

Ստեփանավանից 8 կմ հեռավորությամբ գտնվող Գյուլագարակ գյուղում է ապրում 55-ամյա Մուշեղ Սուքիասյանը, ով իր իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի է առնչվել և միայն տարիների պայքարի արդյունքում է կարողացել հասնել արդյունքի։

Երկրաշարժից տուժած գյուլագարակցին իր ժանգոտ տնակի մի անկյունում խնամքով պահում է պետական մարմիններին ուղղած դիմում-բողոքների հարյուրավոր էջերը։ Ի մի է բերում տասնամյակների իր պայքարն ու ասում՝ այնպես չէ, որ Հայաստանում օրենքի գերակայություն չկա, բայց մեծ չարչարանքներ են պետք դրան հասնելու համար։

«Կա օրենք, կա, բայց էդ չինովնիկական քաշքշուկները․․․եթե ես ճիշտ եմ, եթե ես անգամ իմանամ, որ իմ կյանքին պետք է վտանգ սպառնա, ես ճիշտը պետք ա ասեմ, կա օրենք, բայց մեծ չարչարանքների գնով»,- ասում է Սուքիասյանը:

Պատմելու շատ բան ունի։ Ասում է՝ առողջապահական համակարգի, մաքսային ծառայությունների, իրավապահ մարմինների ու պետական այլ կառույցների հետ առնչվելու բազմաթիվ առիթներ է ունեցել։ Վերջին խնդիրը մեկ տարի առաջ ծագեց։ Քրոջ դստեր համար բնակարան են գնել Վանաձորում, առքուվաճառքի պայմանագիր կնքել ու այն հաստատել Վանաձորի նոտարական գրասենյակում, որտեղ իրենցից պահանջել են 92 հազար դրամ։ Չնայած ծառայությունը բավականաչափ թանկ է թվացել, բայց գումարը վճարել է ու մի նամակ ուղարկել կառավարություն։ «Նամակի մեջ կառավարությունից միայն խնդրել եմ ինձ պատասխանել՝ արդյո՞ք օրինական է էդ գումարը»:

Նամակին Արդարադատության նախարարությունից են պատասխանել՝ «խուսափողական ու ոչ լիարժեք»։ «Դեռ ես պատասխան չստացած, խառնված ինձ նոտարից են կանչում, հետո պատասխանում են, որ էդ նոտարին աշխատանքից ազատել ենք․․․ էդ նոտարը Վանաձորի քաղաքապետ ա դարձել»,- պատմում է Մուշեղ Սուքիասյանը:

Արդարադատության նախարարությունից ստացված «տարօրինակ» պատասխանը բազմաթիվ հարցեր է առաջացրել։ «Եթե նոտարին ազատելու մասին են նշում, ուրեմն համաձայն են, որ այստեղ անօրինականություն կա»,- մտորում է իր իրավունքների համար պայքարող գյուղացին։

Մուշեղ Սուքիասյանն ասում է, թե «շարունակելու է պայքարը»։ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը չի բացառում, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաղթանակներ կունենա, ինչպես եղել է տարիներ առաջ, երբ պայքարում էր առանց կաշառքի հաշմանդամության կարգ ստանալու համար։ «Իմ հարազատների մեջ մոտ մեկ տասնյակ մարդիկ կան հաշմանդամության կարգ ունեցող։ Ես հասել եմ նրան, որ կարգն ստացել եմ առանց մաղարիչի»: