Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու մայրաքաղաք Աստանայում կայանալիք «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որին իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում, որը կրում է «Ապագայի էներգիա» խորագիրը, մասնակից երկրները կներկայացնեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:
Սերժ Սարգսյանը էքսպոյի շրջանակում կայցելի նաև հայկական տաղավար: