ՀՀ ԱԳՆ-ում երեկ տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` հյուսիսամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար Արման Հակոբյանը, իսկ ռուսական կողմից` ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ Գեորգի Բորիսենկոն:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Արման Հակոբյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ ու ՀՀ-Կանադա համագործակցությունը, իսկ Գեորգի Բորիսենկոն անդրադարձ է կատարել ռուս-ամերիկյան և ռուս-կանադական հարաբերություններին:
Խորհրդակցությունների ավարտին Ռուսաստանի արտգործնախարարության պատվիրակությանն ընդունել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: