Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին անհապաղ հետաքննել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին Ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղղված մահվան սպառնալիքները:
Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ասոցիացված տնօրենը շեշտել է, որ երկրի իշխանությունները պետք է ժամանակ չկորցնեն կատարելու իրենց պարտավորությունները, Սաքունցին պետք է տրամադրվի այն պաշտպանությունը, որի կարիքը նա ունի։ Ջեյն Բյուքենենը նաև նկատել է՝ «ոչ ոք չպետք է մահից վախենա Կառավարությանը հրապարակավ քննադատելու համար»:
«Ազատության» հետ զրույցում Արթուր Սաքունցն ասաց՝ Human Rights Watch-ն ավելի արագ արձագանքեց իր բարձրացրած հարցին, քան իրավապահ մարմինները: - «Ես մինչև հիմա որևէ պաշտոնական գրություն, քայլ դատախազության կողմից չեմ ստացել: Ոստիկանության կողմից ստացել եմ զանգ՝ բայց որտեղ, ինչ՝ ես չեմ հիշում: Պատշաճ նույնիսկ իրազեկում, թե ինչի հետ կապված, ինչ գործողությունների նպատակով՝ չեմ ստացել», - հավելեց նա:
Հիշեցնենք՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը անձնական վիրավորանքներ էր ուղղել իրավապաշտպանին և գրել․ - «Սաքունց, ես քեզ սպանելու եմ, ադրբեջանամետ դիվերսանտ... ամեն վայրկյան սպասիր ինձ, ես հետևից կրակողներից չեմ, կրակելու եմ դեմից, 2-3 մետրից՝ 9 մմ տրամաչափի փամփուշտով»
Սպառնալիքից անցել է 4 օր։ Իրավապաշտպանը նկատում է, որ դեռ հստակ ու համարժեք քայլեր արված չեն։
Գլխավոր դատախազությունից, որին 4 օր առաջ հաղորդում է ներկայացրել Արթուր Սաքունցը, «Ազատությանը» ասացին, որ այն դեռ չեն ստացել։ Բայց մամուլի հրապարակումներից մեկի հիման վրա գործն ուղարկել են Ոստիկանություն։ Այնտեղից էլ նշեցին՝ կատարվում են համապատասխան գործողություններ։ Խնդրեցինք մանրամասնել՝ կոնկրետ ի՞նչ է արվում Սաքունցի անվտանգությունն ապահովելու համար, արդյո՞ք պարզվել է սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը։ Հարցերին ոստիկանության լրատվության բաժնի աշխատակիցը չպատասխանեց։