Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության նախաձեռնությամբ ներկայացված օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանի տարբեր մարզերի 328 գյուղեր միավորելու արդյունքում 34 խոշորացված համայնքներ ստեղծել:
Օրինագիծը խորհրդարանում բուռն քննարկման պատճառ դարձավ։ Կառավարությունը պատգամավորներին չէր ներկայացրել՝ արդյոք գյուղերի բնակիչները կողմ են, թե դեմ միավորմանը, պարզ չէ նաև արդյոք նախկինում խոշորացված համայնքներին միավորումը օգուտ է բերել, թե վնաս։
Ընդդիմադիր պատգամավորները շեշտեցին, որ Կառավարությունը խախտել է սահմանադրությունը, պարտավոր էին գյուղացիների կարծիքը ճշտել, Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ փորձում էր հասկանալ՝ նախկինում արված խոշորացումների արդյունքները ինչպիսին են եղել։
«Հիմնական զեկուցողին հարց են տալիս, ասում են՝ լավ, հիմա դա էֆեկտիվ է, թե ոչ: Ինքը ասում է՝ դե մյուս տարվա վերջ կասենք: Բա եթե պարզվի, որ էֆեկտիվ չէ՞», - հարց բարձրացրեց ընդդիմադիր պատգամավորը:
Կառավարության ներկայացուցիչը՝ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ընդդիմադիր պատգամավորներին վստահեցրեց, որ խոշորացումը օգուտներ կտա՝ միավորված գյուղերը ավելի արդյունավետ կկառավարվեն, գյուղապետարանի հաստիքներ կկրճատվեն, զարգացման ծրագիր կստեղծվի և ներդրումներ կբերվեն․ - «Ինչը ավելի արդյունավետ և ավելի էֆեկտիվ կդարձնի տեղական ինքնակառավարումը մեր համայնքներում»:
«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց Կառավարության ներկայացուցչին, ասաց՝ այցելել է նախկինում խոշորացված գյուղեր, այնտեղ դժգոհ քաղաքացիների է հանդիպել և չի հասկանում, թե Կառավարությունը ինչու է կարծում, որ սա լավ ծրագիր է․ - «Կա վիրտուալ Հայաստան, ֆեյք Հայաստան, որտեղ ապրում եք Դուք, որտեղ բոլորը ամեն ինչից գոհ են: Եվ Դուք այստեղ ներկայացնում եք ծրագիր, որի արդյունավետությունը որևէ մեկս չենք տեսել: Եվ կա իրական Հայաստան, որի հետ Դուք որևէ աղերս չունեք»:
328 գյուղեր միավորելու նախաձեռնությունը մարզերում բողոքի ալիք է բարձրացրել․ Գեղարքունիքի մարզի մոտ 20 գյուղերի բնակիչներ երեկ միջպետական ճանապարհն էին փակել, այսօր նրանք կրկին բողոքի ցույց էին անցկացնում:
Ընդդիմադիրների պնդումներին, թե գյուղացիների հետ քննարկումներ չեն անցկացվել, Կառավարության ներկայացուցիչը հակադարձեց՝ գյուղապետերի հետ են խոսել՝ նրանք դեմ չեն միավորմանը:
Դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ շտապեց Կառավարությանը պաշտպանել՝ պնդելով՝ գյուղացիները բողոքում են, քանի որ նրանց գյուղապետերն են տրամադրում այս բարեփոխման դեմ․ - «Իրենց աշխատանքը կորցնելու վտանգը ունեն, բնական է՝ իրենք պետք է տարածեն բացասական վերաբերմունք այս խոշորացման գործընթացի նկատմամբ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, պաշտպանելով բարեփոխումը, խորհուրդ տվեց Կառավարության ներկայացուցչին ապացուցել պատգամավորներին, որ նախկինում խոշորացված մյուս համայնքներին դա օգուտ է բերել։
«Եթե ոչ մի բան չի փոխվել, բնականաբար՝ ինքնանպատակ ինչո՞ւ պիտի արվի: Ես Լոռու օրինակով կարող եմ ասել, որ Թումանյանի տարածաշրջանում այդ մի շարք գյուղերում բավականին ծրագրերը ավելացել են», - նշեց Շարմազանովը:
Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը խոստացավ ներկայացնել արդյունքները: Անցած տարի, հիշեցնենք, 140 գյուղեր միավորվել էին 18 համայնքների մեջ: Գործընթացը այն ժամանակ էլ էր ուղեկցվել գյուղացիների դժգոհությամբ և բողոքի ակցիաներով:
Ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ բեկումնային փոփոխություններ ենթադրող նախագիծը նման արագությամբ չի կարելի քննարկել՝ անգամ համապատասխան հանձնաժողովը նորմալ չի ուսումնասիրել հարցը։ Չնայած դրան՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարցը առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց։
Հանրապետականը կոչ արեց կողմ քվեարկել, «Ելք» դաշինքը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը:
«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու և կշտամբեց «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանին՝ նշելով, թե կարծում էր, որ ընդդիմությունը միասնական դիրքորոշում պետք է որդեգրեր: Փաշինյանը հակադարձեց՝ «Ձեր խմբակցությունն էլ կարող է այս հարցի քննարկմանը չմասնակցել, և մեր դիրքորոշումները հարյուր տոկոսով կլինեն նույնական»:
Օրինագիծը 57 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ: