Փառատոնը կբացվի այսօր երեկոյան Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում «Վեստսայդյան պատմություն» պարային նոր բեմադրությամբ:
Լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչները նշեցին, որ փառատոնն այս տարի ընդգրկում է արվեստի ավելի քան 10 ճյուղ՝ թատերարվեստ, կինոարվեստ, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն և այլն։ Առաջին անգամ ընդգրվել է նաև «գրականություն, դրամատուրգիա և կինոսցենար» անվանակարգը, որն այս տարի նվիրվում է մեր անվանի արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Այս անվանակարգում հաղթողների համար Ռուբեն Հովսեփյանի ընտանիքը սահմանել է 100 հազարական դրամ պարգև:
Փառատոնի նախագահ Էրիկ Բաղդասարյանը շեշտեց, որ փառատոնն անցկացվելու է «Մեկ տանիքի ներքո» խորագրով, և եթե 5 տարի առաջ փառատոնին մասնակցում էր 130 երիտասա8դ արվեստագետներ, ապա այս տարի արդեն ավելի քան 500 հայտ էին ստացել, որոնցից ընտրվել են լավագույնները:
«Նախորդ տարվանից մենք արդեն ներկայանում ենք իբրև մշակութային միջազգային հարթակ», - հավելեց Բաղդասարյանը՝ շարունակելով․ - «Փառատոնը իրականացնում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը՝ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ»:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Դավիթ Հակոբյանն ասաց, որ հանձնաժողովն այս տարիների ընթացքում մշտապես ազնվորեն է աշխատել․ - «Փորձում ենք որքան հնարավոր է լինել օբյեկտիվ: Որովհետև շատ բարդ է, հավատացնում եմ ձեզ, որոշել, թե որոնք են լավը: Բայց փորձել ենք որքան հնարավոր է լինել ազնիվ մեր գործի, մեր ապագայի նկատմամբ հատկապես, որովհետև գործ ունենք երիտասարդների հետ»:
Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դեկան Աննա Հեքեքյանի համոզմամբ, այս փառատոնը շատ կարևոր է երիտասարդների համար, քանի որ հնարավորություն է ստեղծում ցանկության և ասելիք ունենալու դեպքում ներկայանալ արվեստասեր հանրությանը դեռ ուսանողական նստարանից․ - «Այս փառատոնը հնարավորություն է տալիս վաղվա օրվա մեր լույսը ցուցադրելու, վաղվա օրվա մեր գեղեցկությունը մատուցելու: Արդեն ասվեց, որ դրամատուրգիա և սցենար որոշեցինք ներգրավել: Դա արվեց շատ լուրջ և երկար մտածելով, որովհետև շատ մեծ պահանջարկ ունենք ժամանակակից հայկական դրամատուրգիայի: Մեր երիտասարդները հիմնականում բեմադրում են արտասահմանյան գործեր: Եվ այս խնդրով մենք որոշեցինք լուծել նաև հայ դրամատուրգիայի հարցը: Եվ վստահ եմ, որ տարեցտարի մենք կունենանք ավելի լավ ստեղծագործություններ, որոնք կկարողանանք նույնիսկ արտասահմանում ցուցադրել»:
10-օրյա փատառոնի շրջանակներում նախատեսված են երիտասարդական թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, նորաձևության ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ, գրական ընթերցումներ, վարպետության դասեր:
Փառատոնին ժյուրիի կազմում և մասնակիցների թվում կան հյուրեր Շվեդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Տանզանիայից, Չեխիայից, Վրաստանից և Ղազախստանից: