«Ազատությո՛ւն «Սասնա ծռեր»-ին», «Մա՛հ ռեժիմին», «Ազատությո՛ւն Հայաստանը ներքին թշնամուց ազատագրած հերոսներին» կոչերով Ազատության հրապարակից մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի աջակիցների երթը դեպի Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
«Այս երթի նպատակն է մեր զորակցությունը, համերաշխությունը, տևական աջակցությունը հայտնել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։ Եվ նաև վարչախմբին հերթական անգամ հիշեցնելու, որ տղաներն առանձին չեն և ժողովուրդը ակտիվ կամ պասիվ ձևով աջակցում է «Սասնա ծռեր»-ին», - երթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը։
Նշենք, որ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելուց 11 ամիս անց այսօր մեկնարկում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը:
Այսօր դատարանը կսկսի քննել քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը:
Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլոք, անցած տարի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել։
Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իշխանությանը։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։