Հանրակրթության վարչության նորանշանակ պետը Երևանի ավագանու ընտրության օրը չհավատարմագրված դիտորդ էր

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Այսօր Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ է նշանակել Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի արդեն նախկին տնօրեն Աննա Ստեփանյանին, ով մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, հայտնվել էր ընտրական սկանդալի կենտրոնում։

«Փաստացի ստացվում է, որ կրթության վարչության այժմյան պետը ընտրությունների օրը տեղամասում ապօրինաբար է գտնվել և եղել է չհավատարմագրված դիտորդ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Մայիսին դեռևս դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը թիվ 7/20 ընտրատեղամասում էր որպես «Կրթական և մշակութային կամուրջներ» կազմակերպության դիտորդ, բայց Իոաննիսյանը տեղում պարզել էր, որ Ստեփանյանը հավատարմագրված չէր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, թեև ուներ ԿԸՀ-ի կնիքով փաստաթուղթ, որի վրա գրիչով գրված էր նրա անուն-ազգանունը։

«Դա այն կազմակերպությունն էր, որի ներկայացուցիչները տեղամասերում, անուն-ազգանուններով ստուգում էինք, և պարզվում էր, որ այդ ներկայացուցիչները հավատարմագրված չեն: Այդ մասին ես հայտնեցի ԿԸՀ-ի նախագահին՝ Տիգրան Մուկուչյանին», - պատմեց Իոաննիսյանը:

Միջադեպին ներկա էր նաև «Ազատության» նկարահանող խումբը։ Աննա Ստեփանյանը խուսափում էր պատասխանել լրագրողի հարցերին՝ ասելով․ - «Չեմ ուզում ընդհանրապես լրագրողների հետ առնչություն ունենալ»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով, ինքը զանգահարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով արդեն ընտրատեղամասի հանձնաժողովի ղեկավարին խնդրել է հեռացնել չհավատարմագրված դիտորդներին։

Քաղաքապետարանի հանրակրության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը այսօր ևս «Ազատության» հետ հեռախոսազրույցում պնդեց, որ իր փաստաթուղթն օրինական է եղել, թեև նշենք, որ այժմ ևս ԿԸՀ կայքում կարելի է գտնել և ստուգել հավատարմագրված դիտորդների ցանկը, որտեղ նրա անուն-ազգանունը բացակայում է:

«Պարոն Մուկուչյանը հետո մեկնաբանեց, որ շատ դիտորդներ ուղղակի ժամանակի առումով չեն հասցրել դրան լուծում տալ, և հետո է եղել այդ ամբողջը», - արձագանքեց Ստեփանյանը:

«Ազատությունը» հետաքրվեցինք նաև, թե արդյոք նման սկանդալից հետո հանրությունը կարող է վստահ լինել, որ իր հետագա աշխատանաքային գործության ընթացքում Աննա Ստեփանյանն օրենքի խախտումներ թույլ չի տա։

Ստեփանյանի արձագանքը․ - «Վստահեցնում եմ, որ իմ գործունեության 25 տարիների ընթացքում եղել եմ մշտապես ազնիվ, մանկավարժի կողքին կանգնող մարդ, կրթական համակարգը լավ իմացող մարդ»:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը տեղի ունեցածի վերաբերյալ խիստ գնահատական ունի․ - «Դպրոցի տնօրեն, ով իր աշակերտներին քարոզում է քաղաքացի լինել, ով պահանջում է օրինապահ լինել, ու ինքը այդպիսի բան է անում, դա պատիվ չի բերում որևէ մանկավարժի»:

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը հույս չունի, թե նոր վարչության պետի նշանակումից հետո կլուծվի կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը՝ դպրոցները կապաքաղաքականցվեն: Ավելին, ըստ նրա, Աննա Ստեփանյանին վարչության պետ են նշանակել՝ հաշվի առնելով նաև նրա ակտիվ գործունեությունը հօգուտ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի։

«Որպես կառավարիչ, կազմակերպիչ գրագետ մարդ է, բայց իրենց շրջանակում, եթե կրթության շահ և կուսակցության շահ՝ կրթության շահը ստորադասվում է», - եզրափակեց Անահիտ Բախշյանը:

Հանրակրության վարչության նոր պետի նշանակումից հետ ի դեպ մամուլը շտապեց գրել նաև, որ Աննա Ստեփանյանի ամուսնու եղբայրը Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից է։ Ինքը Ստեփանյանը վստահեցնում է, որ իր ո՛չ ամուսինը, ո՛չ էլ ամուսնու եղբայրը որևէ կապ չունեն իր նշանակման հետ․ - «Ես մանկավարժից դարձել են տնօրեն, ես ունեմ անցած ուղի, իմ բոլոր գործողություններում պրոֆեսիոնալ եմ և կարծում եմ, որ դրանում կհամոզվեք։ Իհարկե կա ամուսնու եղբայր, իհարկե կա ամուսին, կա թիկունք ի դեմս իրենց, բայց դրանով չի պայմանավորված իմ աշխատանքային գործունեությունը»։