Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անցած գիշեր քվեների 397 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ հաստատեց մի խումբ կոնգրեսականների հեղինակած բանաձևը, որով ամերիկացի օրենսդիրները պահանջում են պատասխանատվության ենթարկել մայիսի 16-ին Վաշինգտոնում` Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի մեղավորներին:
Հիշեցնենք, այդ օրը պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Ռեջեփ Էրդողանին ուղեկցող անվտանգության ծառայության աշխատակիցները բռնություն կիրառեցին Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջև հավաքված մոտ երկու տասնյակ ցուցարարների նկատմամբ:
Ավելի քան մեկ ժամ շարունակված քննարկման ընթացքում ամերիկացի օրենսդիրները խստորեն քննադատում էին Թուրքիայի նախագահի պահվածքը, ինչպես նաև պահանջում էին Պետդեպարտամենտից անել հնարավորը` հետագայում նմանատիպ միջադեպերը բացառելու նպատակով:
«Միացյալ Նահանգները չի հանդուրժի բռնությունները խաղաղ ցուցարաների հանդեպ մեր երկրի տարածքում: Միանշանակ է, որ մեղավորները պետք է պատժվեն», - հայտարարում էր բանաձևի հեղինակներից մեկը` Մերիլենդից ընտրված դեմոկրատ Սթենի Հոյերը:
Ամերիկյան Կոնգրեսի անդամներն, ի դեպ, վստահ են, որ մայիսի 16-ին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպը այն վերջին ազդակն էր, որից հետո Միացյալ Նահանգների ղեկավարությունը պետք է դիտարկի Թուրքիայի հետ հարաբերությունների արմատական վերանայման հարցը: Կոնգրեսականները հատուկ հիշեցնում էին, որ Էրդողանի թիկնազորի անդամների մասնակցությամբ նմանատիպ միջադեպեր ԱՄՆ տարածքում նախկինում ևս արձանագրվել էին` 2011 և 2016 թվականներին: Այս մասին էր խոսում մասնավորաբար Վաշինգտոնից ընտրված կոնգրեսական Էլեանոր Նորթոնը:
«Մեր երկրի համար սա ցավոտ խնդիր է, քանի որ Թուրքիան մեր դաշնակիցն է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր երկիրը զգալի կախման մեջ է գտնվում Թուրքիայից: Եթե նախկինում նման միջադեպեր չարձանագրվեին, մենք կարող էինք ենթադրել, որ թուրքերը պարզապես անտեղյակ են մեր երկրում գործող կանոններից: Բայց սա արդեն երրորդ նմանատիպ միջադեպն է, և այս ամենն իրոք մտահոգիչ է դառնում: Պարոն Էրդողանը գտնվում էր միջադեպի վայրում, նա կարող էր հանդարտեցնել կրքերը, սակայն որևէ քայլի չդիմեց», - հայտարարում էր Նորթոնը:
Առավել կտրուկ էր Մերիլենդից ընտրված դեմոկրատ, հունական ծագում ունեցող Ջոն Սարբանեսի ելույթը, որը կոչ էր անում պաշտոնական Վաշինգտոնին արմատապես վերանայել Անկարայի հետ հարաբերությունները: Դեմոկրատ կոնգրեսականը համոզված է` մայիսի 16-ի միջադեպի գլխավոր մեղավորը Թուրքիայի նախագահն էր:
«Միջադեպի տեսագրությունը վկայում է, որ նախագահ Էրդողանն է հրահանգել հարձակվել ցուցարարների վրա և հետագայում էլ սառնասրտորեն դիտում էր, թե ինչպես էին իր թիկնապահները կատարում այդ հրահանգը: Եկեք ինքներս մեզ մի հարց ուղղենք՝ ի՞նչ տեսակի առաջնորդ պետք է լինես, որպեսզի ամերիկյան նախագահի հրավերով պաշտոնական այցով ժամանելով Միացյալ Նահանգներ` նման դատապարտելի պահվածք ցուցաբերես: Ի՞նչ տեսակի ղեկավար պետք է լինել մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը ամերիկյան կողմի նվիրվածության հանդեպ նման արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու համար», - հայտարարում էր կոնգրեսականը՝ չմոռանալով նաև Թուրքիայի` հարևանների հանդեպ վարած քաղաքականության մասին:
«Խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հարձակումը բացահայտեց Էրդողանի բռնի էությունը: Ամերիկացիների համար դա բավական ուսանելի մի պահ դարձավ, որն արտացոլում էր պաշտոնական Թուրքիայի իրական դեմքը: Տեղի ունեցածը բացահայտեց այն բոլոր ազդակները, որոնք ի վերջո հանգեցրեցին Կիպրոսի դեմ անօրինական հարձակմանն ու դրա [մի մասի] օկուպացիային, Հայոց ցեղասպանությանը և քուրդ ժողովրդի հանդեպ կիրառվող բռնություններին», - հայտարարում էր Ջոն Սարբանեսը: