Արձագանքելով Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի, իշխող Հանարապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ընդգծեց՝ իշխանությունը պատրաստ է ամեն ինչի:
«Դրանք լոկ հայտարարություններ են, մենք ասում ենք՝ եթե կլինի առողջ ընդդիմություն, արտախորհրդարանական թե խորհրդարանական, պատրաստ ենք համագործակցության, եթե կլինեն պետության զարգացմանն ուղղված առաջարկություններ: Եթե նրանց միտումները կլինեն այլ՝ ապստամբության, հեղափոխության միջոցով ինչ-որ արդյունքի հասնելը, ապա այդ արդյունքը ցույց տվեցին ընտրությունները, թե իրենք ինչի կարող են հասնել: Յուրաքանչյուր պետություն, այն էլ նման արտաքին քաղաքական իրավիճակում, ներքաղաքական խլրտումներ թույլ չի տա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց հանրապետական գործիչը:
Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում խորհրդարան չանցած ընդդիմադիր ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, պնդելով, որ ԱԺ ընտրությունները կեղծվել են, և պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը, մասնավորապես, ասել էր․ «Ես չեմ բացառում, որ խորհրդարանից դուրս էլ զարգացումներ կձևավորվեն, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել, ինչու չէ, նաև ֆորսմաժորային իրավիճակի»:
1999-2016 թթ․՝ մոտ 16 տարի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները, նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարած Սեյրան Օհանյանը երեկ նաև նշել էր, թե շարունակում է հարաբերություններ պահել Զինված ուժերի հրամկազմի հետ: Վահրամ Բաղդասարյանին հարց ուղղեցինք՝ որքանո՞վ են իրատեսական ֆորսմաժորային զարգացումների մասին կանխատեսումները:
«Դա ձևակեպենք որպես հայտարարություն և սպասենք քաղաքական զարգացումներին: Անկեղծ ասած, եթե անձի նկատմամբ իմ հարգանքը չլիներ, ես ընդհանրապես չէի մեկնաբանի, բայց տվյալ անձի հետ մենք երկար տարիներ նույն դաշտում աշխատել ենք, նույն գաղափարներին ու նպատակներին ենք լծված եղել, այդ պատճառով միայն ասեմ՝ սպասենք քաղաքական զարգացումներին»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների՝ կեղծված լինելու մասին պնդմանը, Բաղդասարյանն ասաց՝ անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական իրականության մեջ որևէ պարտված քաղաքական ուժ չի ընդունել իր պարտությունը:
«Դա իհարկե ցավ է, որովհետև իրենց ռեսուրսներն իրենք սխալ են գնահատում՝ նախընտրական շրջանում ավելի մեծ ակնկալիքներ ունենալով: Հետո, բնականաբար, նրանք հանրության առջև իրենց պարտությունն արդարացնելու համար այդ պարտությունը վերագրում են ոչ արդար ընտրություններին: Դա չի վերաբերում միայն ձեր նշած քաղաքական գործչին: Այն, որ հետընտրական զարգացումներ չեղան, վկայում է այն մասին, որ ընտրությունների հետ բոլորը համաձայն են»,- ասաց Վահրամ Բաղադասարյանը: