Թեհրանում երկու հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը

Իրան - Պայթյունը Խոմեյնիի դամբարանի մոտ, Թեհրան, 7-ը հունիսի, 2017թ.

Թեհրանում տեղի ունեցած երկու հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության, այսօր առավոտյան չորս զինված անձանցից երեքը կրակ են բացել Թեհրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Խոմեյնիի դամբարանի տասնյակ այցելուների վրա, իսկ չորրորդն ինքն իրեն պայթեցրել է սրբավայրի դիմաց՝ ոստիկանական հենակետի մոտ։

Լրատվամիջոցը նշում է, որ զինյալներից մեկը սպանվել է բախումների ժամանակ, մյուսը ինքնասպանություն է գործել ցիանիդի պարկուճը կուլ տալու միջոցով, մեկն էլ կին է եղել, որը սպանվել է իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։

Հարձակումը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանում հնչած կրակոցների հետ միաժամանակ։