Թուրքիայում ձերբակալվել են Amnesty International-ի գրասենյակի ղեկավարը և ևս 22 իրավաբաններ

Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի ղեկավար Թաներ Քըլըչ, արխիվ

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են երկրում Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի ղեկավարին՝ կասկածելով նրան իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Թաներ Քըլըչն ու ևս 22 իրավաբաններ ձերբակալվել են Իզմիրում:

Հիշեցնենք՝ պաշտոնական Անկարան մեղադրում է Գյուլենին անցած տարվա հեղաշրջման փորձը կազմակերպելու համար: Թուրքիայում 2016-ի հուլիսին տեղի ունեցած այդ իրադարձություններից հետո իշխանությունները շուրջ 50 հազար մարդու են ձերբակալել, 150 հազար մարդ էլ, այդ թվում՝ զինվորներ, ոստիկաններ, ուսուցիչներ, հանրային ծառայողներ, կասկածվում են հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ:

Գյուլենը, ով 1999 թվականից ապրում է Միացյալ Նահանգներում, հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները:

Թուրքիայում և արտերկրում քննադատների կարծիքով, նախագահ Ռեջեփ Էրդողանը օգտագործում է հեղաշրջման փորձը երկրում ընդդիմադիրների և այլախոհների հետ հաշվեհարդար տեսնելու համար: