Մի քանի ժամից Գերմանիայի դաշնային կառավարությունը իր ամենշաբաթյա նիստում կքննարկի վերջին շրջանում երկրի արտաքին քաղաքականության ասպարեզում ծագած թերևս ամենահրատապ խնդիրներից մեկը` հարաբերությունները Թուրքիայի հետ: Դրա պատճառը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի շաբաթասկզբին կայացած անհաջող այցն է Անկարա, որի ընթացքում գերմանական դիվանագիտության ղեկավարին չհաջողվեց հանգուցալուծել Ինջիրլիքի ռազմակայանում տեղակայված գերմանական զորախմբի շուրջ ստեղծված կացությունը:
Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է՝ թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում տեղակայված գերմանացի զինվորականներին: Անկարան այս քայլին դիմել էր Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:
Այսօր արդեն` ճգնաժամի ի հայտ գալուց գրեթե մեկ տարի անց, Գերմանիայի կառավարությունը պետք է վերջնական որոշում կայացնի` արդյոք Ինջիրլիքում տեղակայված գերմանացի զինվորականները պետք է շարունակե՞ն ծառայությունը Թուրքիայի տարածքում, թե՞՝ ոչ: Դատելով գերմանացի պաշտոնյաների վերջին երկու օրերի հայտարարություններից՝ սկզբունքային որոշումն արդեն իսկ կայացվել է:
«Իսլամական պետության» դեմ պայքարի տեսանկյունից Ինջիրլիքն իհարկե շատ լավ ռազմակայան է: Մյուս կողմից, սակայն, մեր խորհրդարանականների Ինջիրլիք այցերի վրա սահմանված արգելքն անընդունելի է: Այնպես որ, մենք կառավարության նիստի ընթացքում կքննարկենք այս խնդիրը և կհստակեցնենք մեր հետագա անելիքները: Ինջիրլիքի այլընտրանքը Հորդանանում գտնվող Ալ-Ազրաք ռազմակայանն է: Հորդանանի թագավորն արդեն իսկ հրավիրել է մեզ և աջակցություն խոստացել», - հայտարարում էր Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լեյդենը:
Նրա խոսքով, սակայն, Ինջիրլիքից գերմանական ստորաբաժանման դուրսբերումը չի կարող չազդել հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունների վրա:
«Այս ամենի հետևանքով մենք իհարկե ժամանակի կորուստ կունենանք: 280 զինվորականների, 200 կոնտեյներների, մոտ 10 հազար տոննա տարատեսակ սարքավորումների և ապրանքների տեղափոխումը Ինջիրլիքից Հորդանան հանգեցնելու է «Իսլամական պետության» դեմ մեր առաքելության ընդհատմանը: Բայց մենք կանենք հնարավորը, որպեսզի այդ ընդհատումները հասցվեն նվազագույնի», - հայտարարում էր Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: