Կան դեպքեր, երբ ՔԿ-ում ոչ-պատշաճ խնամքի առկայությունը կարող էր մահվան հիմք հանդիսանալ. Թաթոյան

Այո՛, կան դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկներում ոչ-պատշաճ խնամքի առկայությունը կարող էր կոնկրետ իրավիճակում մահվան հիմք հանդիսանալ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ, սակայն, դեռևս չկա վերլուծություն կամ վիճակագրություն, թե ոչ-պատշաճ խնամք ցուցաբերելու արդյունքում մահացության ինչպիսի թիվ է քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել։

Օմբուդսմենի խոսքով՝ ոչ-պատշաճ խնամքի հետ կապված հարցերը քրեակատարողական հիմնարկներում իսկապես արդիական են։

«2016 թվականի ընթացքում իրականացված 100-ից ավել այցերը ցույց տվեցին, որ ցանկացած քրեակատարողական հիմնարկում ոչ-պատշաճ խնամքի հետ կապված խնդիրը կա։ Խնամքի հաճախ հետևանքով է, որ նաև առողջական վիճակի վատթարացում է տեղի ունենում։ Ինչ վերաբերում է մահվան հետ կապված հարցերին, սրանք յուրաքանչյուր դեպքում դառնում են քննության առարկա, և մենք հետևողականություն ենք այս առումով հստակ ցուցաբերում քննություն իրականացնող մարմիններին, բայց դրանք հարցեր են, որ հատկապես 2016 թվականի ընթացքում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չկան կոնկրետ այս պահին պարզված քննչական մարմինների կողմից, բայց մեր համոզմամբ` կան դեպքեր, այո', որ ոչ-պատշաճ խնամքը նպաստել է դրան, կարող էր նպաստել, այսպես ասեմ, որը կարծում եմ, որ պետք է առաջնահերթ քննության առարկա լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թաթոյանը։

Իրավապաշտպանները կոնկրետ օրինակներ են նշում, երբ անմարդկային վերաբերմունքի արդյունքում քրեակատարողական հիմնարկներում հիվանդներ են մահացել, օրինակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ըստ պաշտոնական վարկածի, հանկարծամահ եղած դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը, դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատվելուց շուրջ կես ամիս անց մահացած ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը։

Հարցին, թե ուսումնասիրե՞լ է Արթուր Սարգսյանի դեպքը, «ի վերջո նա կալանավորվել է 2016-ի հուլիսին, իսկ 2016-ի դեպքերի հիման վրա է արտահերթ զեկույցը կազմվել։ Մարդն անհրաժեշտ փաստաթղթերն ուներ, որ բազմաթիվ հիվանդություններ ունի, այդ թվում՝ Բեխտերևի հիվանդությունը, որն անհամատեղելի է բանտային պայմանների հետ, սակայն նրան հինգ ամիս պահեցին կալանավայրում, հետո ազատ արձակեցին, հետո ևս մեկ ամիս պահեցին, և անգամ, երբ որ շատ ծանր վիճակում էր, հրաժարվում էին նրան ազատ արձակել։ Ինչո՞ւ այս դեպքն ընդգրկված չէ Ձեր զեկույցում», Թաթոյանը պատասխանեց. - «Արթուր Սարգսյանի դեպքը, որ 2016 թվականում մահվան հանգամանքը դեռ առկա չէր և հնարավորություն չէր տա մեզ լիարժեք վերլուծելու, բայց Արթուր Սարգսյանի գործը ընդհանրապես եղել է մշտական ուշադրության կենտրոնում, առավելագույն հրապարակայնությամբ աշխատել ենք, իր առողջական վիճակի հետ կապված մենք արձանագրել ենք խնդիրներ, արձանագրել ենք նաև այն ժամանակ, որ 2016 թվականի ընթացքում, երբ, այո՛, անհրաժեշտություն կար նրան տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ և ընթացքում, երբ մենք աշխատեցինք քրեակատարողական ծառայության հետ, տեղափոխվեց Արթուր Սարգսյանն ի վերջո»։

Օմբուդսմենը նաև նշեց, որ Արթուր Սարգսյանի դեպքում նաև խնդրահարույց էր այն, որ նա հացադուլ էր հայտարարել։ «Նա հրաժարվում էր բոլոր տեսակի բժշկական միջամտությունից՝ սա մեզ համար նույնպես խնդիր էր, որովհետև այցերը նույնիսկ դարձրել էինք ամեն օր, ներգրավել էինք հոգեբան, ներգրավել էինք բժիշկ, բնականաբար, բայց դարձյալ խնդիր էր առաջացնում և հացադուլի հարցը, նաև հրաժարվելը բժշկական միջամտությունից, անընդհատ տանում էր առողջական վիճակի ավելի վատթարացման», - ասաց Թաթոյանը։

Հարցին, թե այս դեպքում «Հաց բերողի» մահը իշխանությունների՞ խղճին է, իշխանությունները կրո՞ւմ են պատասխանատվություն նրա մահվան համար, Թաթոյանը պատասխանեց. - «Կրո՞ւմ է արդյոք որևէ մեկը պատասխանատվություն Աթուր Սարգսյանի մահվան համար՝ պետք է պատասխան տա քննությունը»։