Քաղաքապետի հրահանգը հարուցել է Ֆիրդուսի տարածքի բնակիչների ու առևրտականների զայրույթը

Ֆիրդուսի տոնովաճառի առևտրականներին այլ տարածք տեղափոխելու հարցը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կարգավորելու մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը հարուցել է առևտրականների դժգոհությունն ու զայրույթը:

Շուկան իրացման գոտում է գտնվում, և երեկ քաղաքապետը խորհրդակցության ժամանակ հայտնել է, թե քանի որ ներդրողը սկսելու է շինարարական աշխատանքները, պետք է բանակցություններ սկսել տեղի առեւտրականների հետ՝ նրանց այլ վայրեր տեղափոխելու համար: Ըստ Տարոն Մարգարյանի, քաղաքային իշխանությունները պետք է նաև պայմանավորվեն, որ Ֆիրդուսի շուկայի առևտրականներից այլ տոնավաճառներում որոշ ժամանակ գումար չգանձեն։

Ֆիրդուսի տոնավաճառում առևտուր անողները սակայն նշում են, որ իրենք ո՛չ մեկ շաբաթում, ո՛չ էլ մեկ ամսում չեն կարող տեղափոխվել:

Այսօր շուկայի տարածք այցելած քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանին ևս առևտրականներն ասել են, որ իրենց առնվազն մինչև տարեվերջ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի արդեն բերած ապրանքը վաճառեն:

«Մեր խնդրանքը էն ա, որ գոնե էս սեզոնը անցկացնենք, սեզոնային ապրանքը վերջացնենք ու էլ չբերենք: Կէթանք ուրիշ շուկա, էդ շուկային համապատասխան ապրանք կբերենք, համապատասխան քանակություն կբերենք: Մենք էրկու օր առաջ ենք իմացել», - ասաց նրանցից մեկը:

Նրա գործընկեր կանանցից մեկը հավելեց․ - «Տղամարդիկ տաքարյուն են, չենք թողնելու: Կանանցով գնալու ենք, հենց դեմը պայքարենք: Միլիցա կըլնի, օրգանի աշխատող, ծեծել-ջարդել ըլնի, թույլ չենք տալու, որ մի քայլ առաջ գան, մինչև ժողովրդի կարծիքը հաշվի չառնեն»:

«Մեր վերջին ասածը էդ ա՝ մինչև տարվա վերջ ժամանակ տվեք», - ասաց մեկ այլ կին:

Առևտրականների խոսքով, իրենք ողջ ձմեռն անմարդկային պայմաններում են աշխատել, սառնամանիքին, առևտրի բացակայության պայմաններում, մի կերպ գոտիները ձգել են, որ գոնե ամռանը գումար աշխատեն, սակայն հիմա իրենց ցանկանում են զրկել օրվա հացից:

Խոստացված արտոնյալ պայմանները՝ նախնական շրջանում տեղի համար չվճարելը ևս առևտրականներին չի գրավում: Ասում են, որ այլ շուկաներում առևտրի փորձ ունեն, դատարկ գրպաններով են տուն դառնում, մինչդեռ բոլորն էլ պարտք ու վարկ են փակում, ընտանիք պահում:

Ֆիրդուսի տոնավաճառի տարածքում գործող ընկերության աշխատակից Վահրամ Մկրտչյանն ասաց, որ իրենք ևս անակնկալի են եկել․ - «Ամսի 2-ին եղել ա խոսակցությունը, որ 15-ից սկսելու ենք աշխատել, ամսի 20-22-ը պտի նավեսները չըլնի, գարաժների մեջ մարդիկ եթե կարողանան աշխատեն: Որը աբսուրդ ա․ այսինքն բազարի կեսը հիմնական մասից փակվում ա, էն մյուս կեսը չգիտեմ ոնց ա աշխատում: Նշանակում ա բազարը փակվում ա ինքնըստինքյան»:

Առևտրականները, որոնց թվում նաև նույն տարածքի բնակիչներ կան, չեն հասկանում, թե ինչու են քաղաքային իշխանությունները նման շտապողականություն դրսևորում: Նրանց խոսքով՝ իրենց տների փոխհատուցման հարցը դեռ լուծված չէ:

Տարածքի բնակիչ տիկին Անահիտը կասկած հայտնեց, թե շուկան միտնումնավոր են վերացնում՝ նաև տարածքի բնակիչների վրա ճնշում գործադրելու նպատակով․ - «Իրանք ուզում են շուկայով խեղճացնեն իրացման հարցը: Նա ուզում ա շուկան փակի, որ բնակիչը եկամուտից կտրվի, նա գա արդեն հեշտ խոսա: Հիմա մեր լեզուն երկար ա, ասում ենք՝ չենք ուզում, մի կապեք պայմանագիրը: Մենք ապրում ենք, եկամուտ ենք ստանում: Նա ասում ա՝ հեսա կփակեմ, ջուրդ կկտրեմ, նոր դու կգաս վազելով 500 դոլարով, դիշովի գներով կհանեմ քեզ, կշպրտեմ»: