Մոսկվայի դատարանը կարճեց The Guardian-ի լրագրողի գործը

Հակակոռուպցիոն ակցիա Տվերսկայա փողոցում, Մոսկվա, 26-ը մայիսի, 2017թ.

Մոսկվայի Տվերսկի շրջանի դատարանն այսօր կարճել է The Guardian-ի լրագրող Ալեք Լունի գործը։ Լրագրողը ձերբակալվել էր մայիսի 26-ին Մոսկվայում՝ հակակոռուպցիոն ցույցը լուսաբանելու ժամանակ։

Լունը մեղադրվում էր չհամաձայնեցված հրապարակային միջոցառմանը մասնակցելու մեջ։ Քննության տվյալներով, նա քաղաքական կարգախոսներ է հնչեցրել։ Ալեք Լունը, սակայն, հայտարարել է, որ այդ օրն ինքն իր լրագրողական պարտականություններն է կատարել, ոստիկաններին էլ ներկայացրել է իր հավատարմագիրը։

Նշենք, որ մայիսի 26-ի ցույցերի ժամանակ բերման էին ենթարկվել նաև "Эха Москвы"-ի, "Медиазоны"-ի, РБК-ի, "Коммерсантъ FM"-ի և այլ լրագրողներ։ Նրանք մի քանի ժամ անցկացրել են ոստիկանական բաժանմունքում։

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ոստիկանների գործողությունները և կոչ արել պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմինների աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հակակոռուպցիոն ցույցեր էին անցկացվում Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում։ Ցույցերի համար առիթ էր հանդիսացել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հետաքննություն-ֆիլմը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անշարժ գույքի մասին։

Հետաքննության հեղինակները պնդում են, որ չնայած Մեդվեդևը հասարակության մեջ ոչ այնքան լուրջ ընկալում ունի, իրականում նա կոռուպցիայի վրա հիմնված հսկայական կայսրության հիմնադիր է։ Մասնավորապես՝ նշվում է, թե Մեդվեդևին է պատկանում հինգ միլիարդ ռուբլի արժողությամբ առանձնատուն մերձմոսկովյան Ռուբլյովկայում։

Նշենք, որ ցույցերի մեծամասնությունը համաձայնեցված չէր տեղական իշխանությունների հետ։