Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Լոնդոնում ահաբեկչական հարձակում իրականացրած երեք անձանցից երկուսի անունները:
Նրանցից մեկը Պակիստանում ծնված 27-ամյա Քուրամ Շազադ Բաթն է, ով բրիտանական քաղաքացիություն ունի և ընտանիքի հետ բնակվում է Լոնդոնում, մյուսը՝ 30-ամյա Ռաշիդ Ռեդուանն է, նա Լիբիայից կամ Մարոկոյից է:
Ոստիկանությունը հայտարարել է, որ ահաբեկչությունից հետո ձերբակալված բոլոր 12 կասկածյալներն ազատ են արձակվել:
Հիշեցնենք՝ Լոնդոնի կենտրոնում կամրջի վրա միկրոավտոբուսը մեծ արագությամբ վրաերթի էր ենթարկել մայթին կանգնած մարդկանց, հետո մի քանի մետր անցնելով՝ կանգ էր առել, և մեքենայից դուրս եկած տղամարդիկ դանակներով հարձակվել էին անցորդների վրա։
Միացյալ Թագավորության իշխանությունները ահաբեկչություն են որակել տեղի ունեցածը, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Հաղորդվում է, որ հարձակումը իրականացրած երեք տղամարդկանց ոստիկանությունը սպանել է:
Միջազգային հանրությունը դատապարտել է հերթական ահաբեկչությունը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և զորակցություն հայտնել բրիտանացիներին:
Սա վերջին երեք ամիսներին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած երրորդ ահաբեկչությունն էր, բոլոր երեք հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: