Հաշվի առնելով, որ առաջիկայում Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկելու, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:
«Ներդրողի կողմից տվյալ տարածքում արդեն իսկ մեկնարկում են շինարարական աշխատանքները, և պետք է քայլեր ձեռնարկենք, որ տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մեր համաքաղաքացիներին տեղափոխենք համապատասխան այլ վայրեր, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը: Արդեն այսօրվանից բանակցեք գործող շուկաների սեփականատերերի հետ, որպեսզի Ֆիրդուսի շուկայի առևտրականներին պատշաճ պայմաններ առաջարկվեն: Այս հարցում եղեք խիստ հետևողական, քանի որ որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ տվյալ առևտրականներին հանում ենք այդ տարածքներից՝ փոխարենը չառաջարկելով գործունեությունը շարունակելու պայմաններ», - այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետը։
Տարոն Մարգարյանը հանձնարարել է բանակցությունների շրջանակում գործող շուկաների սեփականատերերի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որ որոշակի ժամանակահատվածում տրամադրված տարածքների դիմաց տվյալ առևտրականներից գումար չգանձեն։
Հարցն ամբողջությամբ կարգավորելու համար քաղաքապետը պատասխանատուներին մեկ շաբաթ ժամանակ է տվել։