Հիվանդ դատապարտյալները խցակիցների հույսին են․ ՄԻՊ

Քրեակատարողական հիմնարկներում դեռևս լուծված չէ ազատազրկված հիվանդների պատշաճ խնամքի կազմակերպումը: Այս մասին այսօր հրապարակված արտահերթ զեկույցում նշում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

ՄԻՊ-ն այնուհետև ներկայացնում է «Արթիկ», «Նուբարաշեն և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներին վերաբերող օրինակներ, թե ինչպես են ազատությունից զրկված խնամքի կարիք ունցող դատապարտյալներն անձնական կարիքները հոգացել խցակիցների օգնությամբ: Պաշտպանը մասնավորեցնում է՝ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող առաջին կարգի հաշմանդամություն ունեցող մարդուն, ով առանց կողմնակի օգնության դժվարանում է տեղաշարժվել, դուրս են գրել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից և տեղափոխել «Սևան» քրեակատարողական հիմնարկ:

«Այս պրակտիկան անընդունելի է »,- նշում է Օմբուդսմենը, բերելով մեկ այլ օրինակ՝ ազատությունից զրկված անձը չի կարողացել ինքն իր վերջույթները ինքնուրույն փաթաթել էլաստիկ բինտով, քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը որևէ խնամք չի իրականացրել և նրան խցում չի այցելել: Վերջինս փաթաթումն իրականացրել է խցակիցների օգնությամբ:

Մեկ այլ օրինակում նշվում է՝ անձը կոտրել է ոտքը ու թեև տեղափոխվել է ուղղիչ բուժական հիմնարկ, սակայն, ռենտգենային լուսանկարումից բացի, որևէ այլ բժշկական միջամտություն չի իրականացվել: Տվյալ անձի խցակիցները պատմել են, որ աոողջական վիճակի պատճառով վերջինս երկար ժամանակ լոգանք չի ընդունել, զբոսանքի դուրս չի գալիս, իսկ անձնական կարիքները հոգում է խցակիցների օգնությամբ:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում ստեղծված այս «ոչ իրավաչափ պրակտիկային», ՄԻՊ-ն ընդգծում է՝ միջազգային պահանջներով արգելված է ազատությունից զրկված անձի խնամքը մյուս կալանավորների օգնությամբ կազմակերպելը, դա պետության պարտավորությունն է:

Օմբուդսմենն իր զեկույցում անդրադառնում է մեկ այլ խնդրի ևս՝ «խնամքի կարիք ունեցող ազատությունից զրկված անձինք պատշաճ խնամքի կազմակերպման նպատակով չեն տեղափոխվում բուժական ուղղիչ հիմնարկ կամ քաղաքացիական հիվանդանոց»: Մինչդեռ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականների համաձայն, հատուկ խնամք պահանջող հիվանդություն ունեցող անձինք պետք է տեղափոխվեն հատուկ մասնագիտացված հաստատություններ կամ քաղաքացիական բուժական հիմնարկներ, երբ նման բուժումը հասանելի չէ ազատազրկման վայրերում :

Պաշտպանն իրեն հասցեագրված բողոքների ուսումնասիրության արդյունքում նաև փաստում է՝ հիմնականում պետական միջոցների հաշվին անհրաժեշտ բժշկական միջամտությունը չի կազմակերպվում ոչ բավարար ֆինանսական հատկացումների պատաճռով, ինչն անընդունելի է, քանի որ դա որևէ կերպ պետությանը չի ազատում գործուն քայլեր ձեռնարկելու պարտավորությունից: Օմբուդսմենը բերում է հետևյալ օրինակը՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» ազատությունից զրկված անձին առաջարկել են սրտի հետ կապված հետազոտությունը կազմակերպել ինքնուրույն:

Բողոքներ են եղել նաև, որ քրեակատարողական հիմնարկը հիվանդներին ապահովում է միայն բինտով, սակայն, վերքերը մշակելու միջոցներ և ցավազրկող դեղորայք չի տրամադրում: Դրանք ապահովում են կալանավորների ազգականները, իսկ վերքերը դատապարտյալները վիրակապում են ինքնուրույն:

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծեց՝ քրեակատարողական հիմնարկներում տիրող «աղետալի վիճակի» մասին ավելի խիստ զեկույց էր ակնկալում: Իրավապաշտպանի համոզմամբ՝ անազատության մեջ գտնվող հիվանդների նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքն, ի վերջո, հանգեցնում է մահվան: Ժաննա Ալքեսանյանը մատնանշեց 2 ամիս առաջ կալանավայրում մահացած Հրաչյա Գևորգյանի, բազմաթիվ հիվանդություններ ունեցող՝ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի և Սողոմոն Քոչարյանի օրինակները:

««Հաց բերողը» բազմաթիվ հիվանդություններով հայտնվել էր ապօրինի կալանքի տակ: Իշխանության պատժելու մղումն այնքան մեծ է, որ առողջական խնդրի մասին անգամ չեն մտածում: Չեն կատարում իրենց պարտականությունները: Հացադուլի 25-րդ օրն անգամ չէին ուզում մարդուն ազատել: Մեղքը միանշանակորեն ՔԿՀ-ինն է»,- ասաց իրավապաշտպանը, հիշեցնելով նաև «տևական ժամանակ հիվանդ» Սողոմոն Քոչարյանի հետ կատարվածը, ով նույնպես ազատվելուց ընդամենը մեկ շաբաթ անց մահացավ: «Սա անմարդկային վերաբերմունք է»,- գնահատեց Ժաննա Ալեքսանյանը:

Նա ընդգծեց՝ օմբուդսմենն իր զեկույցում պետք է առջնահերթորեն անդրադառնար կոռուպցիոն ռիսկերին: Այս առումով՝ հիվանդ մարդկանց մինչև վերջ կալանավայրում պահելն իրավապաշտպանը պատահական չի համարում: ««Դատապարտյալների հիվանդանոցում» հայտնվելը հեշտ չէ: Հենց այնտեղ են թաքնված կոռուպցիոն ռիսկերը: Ընդհանրապես՝ կալանավայրում ամեն ինչ կապված է գումարների հետ: Ամեն մի կալանավորը գումար արժի: Կարծում եմ՝ ամենամեծ կոռուպցիան տիրում է հենց կալանավայրերում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը կազմվել է 2016 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներ կատարված 110 այցերի արդյունքում, որոնք իրականացրել են ՄԻՊ աշխատակազմի, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու անկախ փորձագետները:

Ելնելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունից, զեկույցում պաշտպանին դիմած անձանց դիմումների նկարագրությունը տրված է առանց անհատականացնող տվյալների հրապարակման: