Գարեգին երկրորդը ցավակցական նամակ է հղել Թերեզա Մեյին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ հունիսի լույս 4-ի գիշերը Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել են անմեղ անձինք, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Նորին Սրբությունը Միացյալ Թագավորության վարչապետին և ժողովրդին է փոխանցել Հայոց եկեղեցու սրտակցությունն ու զորակցությունը:

«Ահաբեկչությունը հակառակ է Աստծո կամքին: Չկա որևէ կրոն, ուսմունք կամ արժեքային համակարգ, որ արդարացնի ատելությունը, թշնամանքը և բռնությունն այլոց նկատմամբ, խրախուսի հույսերով առլեցուն մարդկային կյանքի ընդհատումը: Մենք խստորեն դատապարտում ենք կատարվածը և հույս հայտնում, որ հանդիման այս սոսկալի երևույթի` քաղաքակիրթ աշխարհը կմիավորի իր ջանքերը` հանուն խաղաղության ու մարդկության անվտանգ կյանքի», - մասնավորապես ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետին ցավակցական ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: