Արաբական հինգ երկրներ խզում են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ

Քաթար - Դիվանագիտական թաղամասը մայրաքաղաք Դոհայում, արխիվ

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը այսօր առավոտյան հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությունը սատարելու մեջ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, քիչ ավելի ուշ հիշյալ երկրներին է միացել նաև Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը՝ Քաթարին մեղադրելով Հութի ապստամբ խմբավորմանը աջակցելու մեջ:

Պարսից ծոցի արաբական այդ երկրները, մասնավորապես, փակել են տրանսպորտային հաղորդակցությունը Քաթարի հետ, քաթարցիներին երկու շաբաթ են տրամադրել՝ լքելու իրենց տարածքը: Քաթարը նաև հեռացվել է Եմենում մարտական գործողություններ իրականացնող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից:

Ի պատասխան՝ Քաթարը հայտարարել է, որ իր դեմ ստի և շինծու մեղադրանքների արշավ է սկսվել՝ Պարսից ծոցի արաբական երկրները «խնամակալության տակ դնելու» նպատակով: