Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց Սենթ Քիթս և Նևիսի թիմին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, Երևան, 4-ը հունիսի, 2017թ․

Կիրակի օրը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 5:0 հաշվով հաղթանակ տարավ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի նկատմամբ:

Գոլերի հեղինակներ դարձան՝ Ռուսլան Կորյանը` հանդիպման 20-րդ, Հենրիխ Մխիթարյանը` 30-րդ և 40-րդ, Արթուր Սարկիսովը՝ 68-րդ, և Արտակ Եդիգարյանը՝ 89-րդ րոպեներին:

Նարեկ Ասլանյանը և Արմեն Մանուչարյանը իրենց նորամուտը նշեցին, Ռուսլան Կորյանը և Արտակ Եդիգարյանը՝ իրենց առաջին գոլերը խփեցին Հայաստանի ազգային թիմի կազմում:

Խաղից հետո ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը համոզմունք է հայտնել, որ թիմը պատրաստ կլինի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հունիսի 10-ին կայանալիք հանդիպմանը Չեռնոգորիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք՝ E խմբի ընտրական մրցաշարում Չեռնոգորիայի հետ անցած տարվա նոյեմբերին Երևանում կայացած առաջին խաղում Հայաստանը հաղթել է 3:2 հաշվով:

Այժմ Հայաստանի հավաքականը E խմբի աղյուսակում չորրորդ տեղում է՝ 5 խաղից հետո վաստակելով 6 միավոր:

Արթուր Պետրոսյանի՝ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում երկու հանդիպում է անցկացրել և երկուսում էլ հաղթել է: