Յոթ զոհ, շուրջ հիսուն վիրավոր․ այսպիսին են Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հերթական ահաբեկչական հարձակման հետևանքները:
Անցած գիշեր Լոնդոնում կատարված ահաբեկչությունը երրորդն էր վերջին երեք ամիսների ընթացքում: Այն կատարավեց երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից ընդամենը հինգ օր առաջ:
Ահաբեկչական հարձակումը տեղի ունեցավ շաբաթ ուշ երեկոյան` տեղի ժամանակով ժամը 10-ից հետո: Հարձակման թիրախ էր ընտրված Լոնդոնի ամենամարդաշատ թաղամասերից մեկը` գործարար կենտրոն համարվող Սիթիի հարևանությամբ գտնվող Լոնդոնի կամուրջը և դրան հարող «Բորո Մարքեթ» շուկան:
Սկզբում միկրոավտոբուսում գտնվող ահաբեկիչները վրաերթի ենթարկեցին Լոնդոնի կամրջով անցնող հետիոտներին, որից հետո մոտենալով «Բորո Մարքեթ»-ում գտնվող ռեստորաններին, որոնք որպես կանոն շաբաթ երեկոյան լեփ-լեցուն են, սկսեցին դանակահարել այցելուներին: Վրա հասած ոստիկանները սպանեցին երեք ահաբեկիչներին, որից հետո սկսեցին տարհանել այստեղ հավաքված հազարավոր քաղաքացիներին:
Վաղ առավոտյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող իր նստավայրում ուժային կառույցների ղեկավարների և Լոնդոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն հրավիրեց: Դրա ավարտին Միացյալ Թագավորության վարչապետը հայտարարում էր․ - «Անցած գիշեր մեր երկիրը ևս մեկ անգամ դաժան ահաբեկչական հարձակման թիրախ դարձավ: Ըստ ամենայնի, մենք դարձել ենք նոր միտման ականատեսը, երբ ամեն մի ահաբեկչական գործողություն նորն է ծնում: Ահաբեկչական գործողությունների հեղինակներն այժմ ոչ միայն տարիներ շարունակ մշակվող դավադրությունների մասնակից են դառնում, ոչ միայն համացանցում ծայրահեղական քարոզչության ազդեցության տակ են հայտնվում, այլև նմանակում են մեկը մյուսին», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Լոնդոնի առաջին մահմեդական քաղաքապետ Սադիք Խանի խոսքով՝ այժմ իրավապահներն ու քաղաքային իշխանությունները փորձում են պարզել ահաբեկչական հարձակման զոհերի ինքնությունը: Վիրավորների մի մասի վիճակն, ըստ Խանի, բավական ծանր է:
«Ահաբեկչական այս գործողությունը որևէ արդարացում ունենալ չի կարող: Մենք երբեք թույլ չենք տա, որ նրանք հաղթեն կամ վախի մեջ պահեն մեր քաղաքը կամ լոնդոնցիներին», - հայտարարում էր բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետը:
Բրիտանիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության` լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինն, ում վարկանիշը խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ զգալիորեն աճել է, հայտարարում է, որ իր կուսակցությունը չի կարող շարունակել քարոզարշավը մի իրավիճակում, երբ Լոնդոնը ահաբեկչական հարձակման թիրախ է դարձել:
«Ես ցնցված և սարսափած եմ այն ամենից, ինչ մենք տեսանք անցած գիշեր: Դա սարսափելի ահաբեկչական հարձակում էր, որ կրկին կյանքեր խլեց: Այդ իսկ պատճառով մեր կուսակցությունը որոշեց 24 ժամով դադարեցնել նախընտրական արշավը ողջ երկրի տարածքում: Հետագայում մենք այն կշարունակենք քանի որ շատ կարևոր է, որպեսզի մենք հստակ ուղերձ հղենք` ժողովրդավարությունը հաղթում է: Եթե մենք թույլ տանք, որպեսզի այս հարձակումների արդյունքում խաթարվիժողովրդավարական գործընթացը, ապա դա պարտություն կլինի բոլորիս համար», - հայտարարում էր բրիտանացի լեյբորիստների առաջնորդը: