Ստեփան Սաֆարյանը «լրջություն» է տեսնում Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում

Եթե կար մի ժամանակ, երբ միջնորդները հպարտությամբ նշում էին, թե երկու կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել համաձայնագրի կնքմանը, ապա այժմ երբեք այսքան մոտ չենք եղել պատերազմին, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը՝ կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Ռազմական հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող միջազգային այս կազմակերպությունը երեկ շուրջ 40 էջանոց զեկույց է հրապարակել` եզրակացնելով՝ «Լեռնային Ղարաբաղի գլխին պատերազմի ամպեր են կուտակվում»:

«Միջազգային ճգնաժամային խումբը առանձնապես նոր բան չի ասել, և ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին շատերս ենք խոսել Հայաստանում, Հայաստանից դուրս», - մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը: - «Մի բանով է տարբերվում սա՝ ինչպես նշվեց մեթոդաբանության մեջ, զեկույցը կազմվել է Հայաստանի, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի պաշտոնյաների և նաև դիվանագիտական աղբյուրների հայտնած տեսակետների հիման վրա, ինչը լրջություն է տալիս այն առումով, որ փաստացի դրանք նաև այս կամ այն կերպ արտացոլում են պաշտոնական մտադրությունները և ոչ թե փորձագիտական կարծիքներ», - հավելեց Քաղաքագետը:

Փորձագետի կարծիքով, ICG-ի զեկույցը մի քանի նպատակ ունի՝ ուժգնացնել միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, զգուշացնել հակամարտության կողմերին, որ թեև երկուսն էլ պատրաստվում են պատերազմի, սակայն դրանից չեն շահելու, երկուսն էլ լինելու են պարտվող:

Նշենք, որ պաշտոնական Ստեփանակերտը երեք քննադատել էր զեկույցը՝ նշելով, որ համաձայն չէ նոր պատերազմի հնարավորության մասին Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետների եզրակացության հետ։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նշել էր, որ չնայած պատերազմը միշտ կարող է լինել, հավանականությունը քիչ է, որովհետև օրինակ ապրիլյան քառօրյա պատերազմին Ադրբեջանը պատրաստվել էր 22 տարի, սակայն ձախողվեց:

«Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարում էին, որ իրենց համար անսպասելի էր և Ադրբեջանը հանկարծակիի բերեց: Եթե մենք կասկածի տակ ենք դնում Միջազգային ճգնաժամային խմբի կանխատեսման կարողունակությունը, մենք նույնքան պիտի նաև կասկածի տակ դնենք Արցախի և Հայաստանի իշխանությունների կանխատեսման կարողականությունը», - պատասխանեց Ստեփան Սաֆարյանը: