Ամերիկյան որոշ նահանգներ, քաղաքներ, բիզնեսներ պարտավորվում են հարգել փարիզյան համաձայնագիրը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգ

Ամերիկյան քաղաքները, նահանգները և բիզնեսները կարող են ի կատար ածել Փարիզի կլիմայական փոփոխությունների համաձայնագրով Միացյալ Նահանգների ստանձնած պարտավորությունները, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին, հունիսի 2-ին հայտարարել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:

«Ամերիկացիները Վաշինգտոնի կարիքը չունեն Փարիզի պարտավորությունները կատարելու համար, և ամերիկացիները թույլ չեն տա Վաշինգտոնին խոչընդոտել դրանց իրականացումը», - հայտարարել է Բլումբերգը՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպումից հետո:

Բլումբերգը, ով Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացն է Քաղաքների և կլիմայական փոփոխությունների գործերով, հայտարարել է, որ անցած տասնամյակի ընթացքում Միացյալ Նահանգները գլխավորել է արտանետումների նվազեցման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: - «Եվ այդ աշխատանքի հիմնական մասը ի կատար է ածվել քաղաքացիների, բիզնեսների և քաղաքների ջանքերով, այլ ոչ թե [ամերիկյան] կառավարության», - հավելել է նա՝ շեշտելով, որ այդ գործում մեծ դեր են խաղացել շուկայական ուժերը՝ արևային էներգիան, քամու էներգիան և էլեկտրականության գեներացման համար բնական գազի օգտագործումը դարձնելով ածխից ավելի եկամտաբեր:

Նույն օրը՝ հունիսի 2-ին, Միացյալ Նահանգների խոշորագույն նահանգի՝ Կալիֆորնիայի նահանգապետը մեկնել է Չինաստան՝ քննարկելու կլիմայական համաձայնագրով սահմանված պարտավորությունները իրագործելու հնարավորությունները՝ չնայած Թրամփի վարչախմբի հայտարարությանը՝ համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ: