ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 18 մեղադրյալների գործով նախաքննությունն ավարտվել է

Արխիվ -- «Սասնա ծռեր» խմբի անդամները լուսանկարվում են ՊՊԾ գնդի գրավված տարածքում, Երևան, 22-ը հուլիսի, 2016թ․

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, ապօրինի զենք-զինամթերք կրելը) հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Մեղադրանքներ են առաջադրվել Տիգրան Սարգսյանին, Հովհաննես Վարդանյանին, Արամ Հակոբյանին, Վարդան Գերավետյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Գևորգ Իրիցյանին, Տիգրան Մանուկյանին, Թորոս Թորոսյանին, Արթուր Մելքոնյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին, Արայիկ Հակոբյանին, Մարտիրոս Հակոբյանին, Արամ Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանին, Մանվել Աթոյանին, Վարդգես Գևորգյանին:

Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը, 2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան, խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվել էին իրավապահներին: