Միջազգային ճգնաժամային խումբ․ Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվում

ԼՂ ՊԲ զորավարժություն, արխիվ

«Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվում», - պնդում են արևմտյան ամենահեղինակավոր վերլուծական կառույցներից մեկի` Միջազգայի ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները: Նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող այս կառույցը երեկ ծավալուն` շուրջ 40-էջանոց զեկույց է հրապարակել, որում հանգել է բավական տխուր հետևությունների:

«2016-ի ապրիլին ծագած բռնություններից մեկ տարի անց կարելի է արձանագրել` 1994 թվականին հրադադարի կնքումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը», - նշում են Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները:

«Այն նախադրյալները, որ հանգեցրին 2016-ի ապրիլյան իրադարձություններին, ավելի են սրվել: Հակամարտող երկու կողմերն էլ հայտարարում են լարվածության աճի մասին», - նշում են զեկույցի հեղինակները:

Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած այս փաստաթուղթը կազմվել է տեղեկատվության բաց աղբյուրների, ինչպես նաև հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների և ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող օտարերկրյա դիվանագետների հետ մասնավոր զրույցների հիման վրա: Նախ և առաջ, Ճգնաժամային խմբի մասնագետները, հիմնվելով իրենց հավաքագրած տեղեկությունների վրա, փորձում են կանխատեսել, թե ինչպես կծավալվեն ռազմական գործողությունները պատերազմի վերսկսման դեպքում:

«Հայկական կողմը տեսանկարահանող սարքեր և ջերմային դետեկտորներ է տեղադրել դիրքերի մերձակայքում` նվազեցնելով ադրբեջանցիների անսպասելի հարձակման հավանականությունը: Անցած ձմռան վերջին Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանավորների շրջանում միասնական կարծիք ձևավորվեց, որի համաձայն՝ ադրբեջանական հարձակման դեպքում հայկական կողմը պետք է ոչ միայն պաշտպանվի, այլև փորձի հարձակման անցնել` խորանալով Ադրբեջանի տարածքում», - ասված է զեկույցում:

Ղարաբաղցի զինվորականների և պաշտոնյաների զրույցների վրա հիմնվելով` Միջազգային ճգնաժամային խմբի անդամները պնդում են, որ հայկական կողմը իրադարձությունների նման զարգացման դեպքում առաջ է շարժվելու մոտ 15 կիլոմետրով` Ադրբեջանին ստիպելով դադարեցնել ռազմական գործողությունները և նոր բուֆերային գոտի ստեղծելով:

«Դա կարող է կոտրել ադրբեջանական կողմի` նոր հարձակումներ ձեռնարկելու կամքը, ինչպես նաև բանակցությունների սեղանի շուրջ սակարկությունների նոր լծակ դառնալ», - համոզված են զեկույցի հեղինակները:

«Ղարաբաղցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի գնահատմամբ՝ նման հարձակման դեպքում շուրջ 600 հազար ադրբեջանցիներ ստիպված կլինեն լքել իրենց օջախները: Ադրբեջանական կողմի գնահատմամբ՝ այդ թիվը շուրջ 300 հազար կլինի», - գրում են փորձագետները` նշելով,որ հնարավոր հայկական հարձակման թիրախը կարող են դառնալ Բեյլագանի, Աղջաբեդիի, Բարդայի, Գոյգյոլի, Գերանբոյի շրջանները, ինչպես նաև Նավթալան քաղաքը, որոնք շփման գծից 15-ից 25 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում:

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները, սակայն, նկատում են, որ ապրիլյան բախումների ընթացքում արձանագրած հաջողություններից հետո ադրբեջանական բանակում ներքին վստահության աճ է նկատվում` նոր հույսեր առաջացնելով, որ Բաքուն ի վիճակի է ռազմական ճանապարհով վերահսկողություն սահմանել տարածքների գոնե մի մասի հանդեպ: 2016-ի ապրիլից հետո Ադրբեջանը շարունակել է մեծացնել իր ռազմական բյուջեն և քայլեր է ձեռնարկել պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղղությամբ:

«Երևանում հավատարմագրված արևմտյան դիվանագետները 2017-ի մարտին տեղի ունեցած զրույցում պնդում էին, որ Ադրբեջանն ըստ ամենայնի հույս ուներ սահմանափակ բռնության միջոցով ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը և Հայաստանին զիջումներ պարտադրել», - նշում են փորձագետները՝ ընդգծելով, սակայն, որ իրադարձությունները միանգամայն այլ սցենարով զարգացան:

Ճգնաժամային խմբի փորձագետները ընդգծում են, որ հաշվի առնելով Ղարաբաղում առկա կտրտված, լեռնային ռելիեֆը՝ ռազմական գործողություններում ծանր զրահատեխնիկայի և զինվորականների մեծ խմբերի ներգրավման հնարավորությունները սահմանափակ են:
Այդ իսկ պատճառով էլ, ըստ զեկույցի հեղինակների, ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմն են դառնալու շփման գծի կենտրոնական և հարավարևելյան հատվածները․ - «Շփման գծի այս հատվածները երկու կողմերի համար էլ ռազմավարական նշանակություն ունեն: Սրանք հարթավայրային շրջաններ են, ինչը կողմերին ծանր տեխնիկա օգտագործելու հնարավորություն է ընձեռում: Հարավում և հյուսիսում գտնվող հայկական բնակավայրեր տանող հիմնական ճանապարհներն անցում են այս հարթավայրով, այստեղ են նաև 90-ականներին ավերակների վերածված Աղդամ քաղաքը և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը»:

«Հովտային այս շրջանի հանդեպ վերահսկողության կորուստը կարող է ստիպել հայկական կողմին դիմել բալիստիկ հրթիռների օգնությանը, որոնք ի վիճակի են հարվածել Ադրբեջանի քաղաքային բնակավայրերի և ենթակառույցների մեծ մասին: Նման զարգացման դեպքում Ադրբեջանի կողմից նույնատիպ պատասխանը գրեթե անխուսափելի է` Նախիջևանում տեղակայված հրթիռների միջոցով», - պնդում են Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները: Նրանք, սակայն, հավելում են, որ շփման գծի անմիջական հարևանությամբ են գտնվում խիտ բնակեցված ադրբեջանական գյուղերը: «Ցանկացած հակամարտություն այս շրջանում ադրբեջանցի խաղաղ բնակչության շրջանում կորուստների է հանգեցնելու», - համոզված են զեկույցի հեղինակները:

Երևանում, Բաքվում և Թբիլիսիում հավատարմագրված դիվանագետները և այստեղ աշխատող մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետներին նաև իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ լայնածավալ պատերազմի դեպքում հակամարտող կողմերը «հազիվ թե պաշտպանեն քաղաքացիական բնակչությանը կամ զերծ մնան էթնիկ զտումներից և այլ տեսակի ռազմական հանցագործություններից»:

Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները նաև փորձել են պարզել` ինչու տապալվեցին ապրիլյան պատերազմից հետո ակտիվացած բանակցությունները:

Նշելով, որ դեռ մինչև ապրիլյան պատերազմը Ռուսաստանը փորձում էր ակտիվացնել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը, զեկույցի հեղինակները գրում են․ - «2015 թվականի ավարտին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում կարգավորման հնարավոր մի տարբերակ ներկայացրեց: Դրանով նախատեսվում էր, որ հայկական կողմը գրավյալ շրջաններից հինգը պետք է վերադարձնի Ադրբեջանին: Չնայած Երևանի ակնկալիքներին` Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանից դուրս ապագա կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ որևէ հստակ երաշխիք չէր տրվում: Փոխարենը, փաստաթղթում հիշատակվում էր ժամանակավոր կարգավիճակը, ինչը հայերի մոտ մտավախություն առաջացրեց, որ Ռուսաստանը Ադրբեջանի կողմն է թեքվում, և Մոսկվան կարող է պաշտպանել Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության տարբերակը: Որպես պատասխան զիջում` Ադրբեջանն ու Թուրքիան խոստանում էին բացել Հայաստանի հետ սահմանները: Որոշ դիվանագետներ, ի դեպ, նշում էին, որ Բաքուն և Անկարան համաձայն էին սահմանները բացել «հինգ շրջանից էլ քիչ տարածքների վերադարձի դեպքում»:

Երևանում հավատարմագրված դիվանագետներից մեկի բնորոշմամբ` «Լավրովի ծրագիրը հայկական կողմի համար այնքան ոչ շահեկան էր, որ հայաստանցի պաշտոնյաներից մեկը նույնիսկ ենթադրեց, թե այն Բաքվում է մշակվել»:

«25 տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը ճնշում էր գործադրում Հայաստանի հանդեպ», - Ճգնաժամային խմբի փորձագետներին ասել է Երևանում հավատարմագրված արևմտյան դիվանագետներից մեկը:

Զեկույցի հեղինակները, ի դեպ, նկատում են՝ Երևանում և Բաքվում ոչ պաշտոնապես հաստատում են, որ Ռուսաստանի հիմնական նպատակը տարածաշրջանում ռազմական ներկայության ընդլայնումն ու հակամարտության գոտում զորքերի տեղակայումն է․ - «Որոշ ռուս [պաշտոնյաներ] ևս մասնավոր զրույցներում հաստատում էին, որ Մոսկվան նման հավակնություններ ունի»: Չնայած դրան՝ զեկույցի հեղինակները պնդում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվել է «ջենթլմենական համաձայնություն» ձեռք բերել, ըստ որի՝ տարածաշրջանային պետություններից և ոչ մեկը ներկայացված չի լինի խաղաղապահների թվում:

Ամփոփելով զեկույցը` Ճգնաժամային խմբի մասնագետներն արձանագրում են․ - «Իրավիճակի ցանկացած սրացում արագորեն կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անհամեմատ ավելի ավերիչ զենքերի կիրառմամբ մահաբեր մարտերի հավանականությունն իրական է: Իրավիճակի հետագա լարումը զսպելուն ուղղված ջանքերի տապալումը ծանր զոհերի և օտարերկրյա միջամտության է հանգեցնելու: Տարածաշրջանի պետություններից որևէ մեկի կողմից զինված միջամտությունը լրջորեն կազդի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության վրա` մի իրավիճակում, երբ այդ երկու պետությունները նոր են նշել անկախության ձեռքբերման 25-ամյակը»: