ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Թել Ավիվում ամերիկյան դեսպանատան տեղակայումը ևս կես տարով երկարաձգելու հրամանագիր, ինչը պետք է նպաստի Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հաստատման ջանքերին:
Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ հրամանագիրը բնավ չի վկայում դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու գաղափարը վերանայելու մասին և այն անպայման ի վերջո կիրականացվի:
Պաղեստինցիները Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Իսրայելը բռնակցել է Արևելյան Երուսաղեմը և քաղաքը հռչակել որպես իր մայրաքաղաք, թեև միջազգային հանրությունը հրաժարվում է ընդունել դա:
Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել այնտեղ՝ դրանով հարուցելով պաղեստինցիների և նրանց դաշնակիցների զայրույթը: Ավելի ուշ Թրամփը հետ էր կանգնել իր խոստումից և հայտարարել, որ դա ավելի ուշ տեղի կունենա: