«Ազնավուր» հիմնադրամը շարունակելու է աշխարհահռչակ երգչի բարեգործական գործունեությունը

Երևանի կենտրոնում, Կասկադի հարևանությամբ վեր է խոյանում մեր աշխարհահռչակ հայրենակցի՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, որը կառուցվել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով և հանդիսավորությամբ բացվել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին:

Բացման հանդիսավոր արարողությանն այդ օրը ներկա էր ոչ միայն անձամբ ինքը՝ Ազնավուրը, այլ նաև Ֆրանսիային Հանրապետության այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին:

Եվ ահա այսօր Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալին հանձնվեց նորաստեղծ «Ազնավուր» հիմնադրամին, որին ՀՀ կառավարության որոշմամբ վերջերս նվիրաբերվել է տուն-թանգարանը:

Հիմնադրամը ղեկավարելու է աշխարհահռչակ երգչի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը: Իսկ թանգարանը առաջին ինտերակտիվ թանգարանն է լինելու Հայաստանում, որտեղ իր մասին, իր կյանքի ու ստեղծագործության, իր ժողովրդին բաժին ընկած ճակատագրի մասին պատմելու է անձամբ ինքը՝ Շառլ Ազնավուրը:

Այսօր տուն-թանգարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, այս տուն-թանգարանը ոչ միայն կհարստացնի, այլև նոր լիցք կհաղորդի մեր մշակութային կյանքին:

«Մաեստրո՛, մենք երջանիկ ենք, որ քո ժամանակակիցն ենք, որ մենք կարողանում ենք պարբերաբար վայելել Ձեր արվեստը, Ձեր կատարումները: Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, և այդ լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, հայ ժողովրդին, այլ համայն մարդկությանը», - իր խոսքում ասաց երկրի նախագահը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց․ - «Նրա ապրած կյանքը օրինակ է Երկիր մոլորակի բնակչության այն հատվածի համար, որը ուզում է իր գոյությամբ աշխարհը դարձնել ավելի ջերմ ու գթասիրտ, ավելի բարի և մարդասեր»:

Ազնավուրը, ողջունելով և իր երախտագիտությունը հայտնելով ներկաներին, ասաց․ - «Վստահությամբ և մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը և որդուս՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնել «Ազնավուր» հիմնադրամը, որը պետք է շարունակի դեռևս 1988-ին մեկնարկած իմ բարեգործական գործունեությունը: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը կլինի հենց թանգարանի հիմնումը, որը ոչ միայն կլինի ինտերակտիվ մուլտիմեդիա թանգարան, այլև կդառնա երիտասարդական կենտրոն, զբոսաշրջային կարևոր վայր»:

Շառլ Ազնավուրի խոսքով՝ Հայաստանի և Սփյուռքի հայերը պիտի միավորեն իրենց ջանքերը այստեղ՝ Հայաստանում այնպիսի ծրագրեր իրականացնելու, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն տրվի իրագործել իրենց երազանքները հենց Հայաստանում․ - «Այո՛, Շառլ Ազնավուր անունը հանրաճանաչ է, սակայն այդ անվան ամբողջ պարունակած մշակույթը ևս պետք է գա Հայաստան: Ոչ միայն Շառլ Ազնավուրի, այլև աշխարհասփյուռ ամբողջ հայության բոլոր գործերը պիտի թարգմանվեն, պիտի լինեն այստեղ: Կարևոր է, որ մենք մշակույթը թարգմանենք, բերենք Հայաստան, որպեսզի Սփյուռքն ու Հայաստանը կապվեն նաև այդպես»: